Կրակոցների պատճառը գուցե այն է, որ ասեն՝ եվրոպացի դիտորդները գործ չեն անում. Սիմոնյան

Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ եվրոպացի դիտորդների գործունեությունը զսպող ուժ ունի հակառակորդի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. Սահմանին կրակոցները միգուցե նրա համար են, որ ասեն՝ եվրոպացի դիտորդներն իրենց գործը չեն անում, միայն ռուս զինվորականների ներկայությունն է պետք։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս տեսակետը հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով հարցին, թե ինչու են եվրոպացի դիտորդների առկայության դեպքում ևս կրակոցներ հնչում սահմանին։
Սիմոնյանը վստահեցրեց, որ Հայաստանում եվրոպացի դիտորների գործունեությունը հակառակորդի համար զսպող ուժ ունի։ Նա ակնկալում է, որ դիտորդների գործունեության ժամկետները կերկարաձգվեն։
«Ռազմական զորք ունենալը և քաղաքացիական դիտորդները պետք չէ համեմատել, որովհետև այդպիսի փորձ կա համեմատելու և զուգահեռներ անցկացնելու, թե իբր Հայաստան են եկել եվրոպացի զինվորականներ և զինված ուժեր։ Նման բան չկա։ Կան քաղաքացիական դիտորդներ, որոնք գրանցում և արձանագրում են այն իրավիճակը, որը տեղի է ունենում մեր սահմանին, և պետք է ասեմ ու վստահեցնեմ, որ բավականին մեծ զսպող ուժ ունի նրանց ներկայությունը»,–ասաց Սիմոնյանը։
ԱԺ նախագահը նաև նշեց, որ Հայաստանը ռազմական ու քաղաքական մասով բավարար աջակցություն չունի։
«Եթե բավարար աջակցություն ունենք, ինչո՞ւ ունենք գերիներ, ինչո՞ւ եղավ Սև լիճը, ինչո՞ւ եղավ Խծաբերդը, ինչո՞ւ եղավ Ջերմուկի ուղղությամբ ներխուժելը։ Երբ խոսում ենք Ռուսաստանի այստեղ զորքերի մասին, այդ հարցրեի պատասխանը պետք է հասկանանք, եթե կան, ո՞նց սենց եղավ»,- ավելացրեց նա։
Հուսով եմ` Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ԵՄ առաքելությունը մշտական կլինի. ԵԽ պատգամավոր
Հիշեցնենք, որ ԵՄ ԱԳ նախարարները հոկտեմբերի 17-ին Լյուքսեմբուրգում կայացած նիստում պաշտոնապես հաստատեցին 40 դիտորդի Հայաստան–Ադրբեջան սահման ուղարկելու մասին որոշումը։ Դիտորդները տարածաշրջան ժամանեցին և աշխատանքի անցան հոկտեմբերի 20-ին։ Նախատեսված է, որ առաքելությունը մնալու է երկու ամիս։
Փաշինյանը բացատրեց, թե ինչու է արևմտյան դիտորդներ հրավիրել Հայաստան