ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն դժգոհ են մնացել Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքներից։ Հավաքական անվտանգության խորհուրդը ադրբեջանական ագրեսիային քաղաքական գնահատական չտվեց, և վարչապետ Նիկոլ Փաշինյանը անհնար համարեց ստորագրել ամփոփիչ հռչակագիրն այն տեսքով, որով այն ներկայացվել էր։
Էլ ավելի կոշտ արտահայտվեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա կրկնեց այն թեզը, որ կազմակերպությունում Հայաստանի գտնվելու իմաստը թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիայից պաշտպանվելն է, իսկ հակառակի մասին պնդումներն անհեթեթ են։ Սիմոնյանը նաև հասկացրեց, որ, չնայած կազմակերպությունից դուրս գալու ծրագրերի և մտադրությունների բացակայությանը, բանակի արդիականացման, ժամանակակից զենքով և տեխնիկայով զինվելու առումով կազմակերպության վրա լուրջ հույս դնել պետք չէ։
Ընդդիմությունն իր հերթին շտապեց իշխանություններին մեղադրել անգործության մեջ։ «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներընրանց մեղադրեցին այն բանում, որ նույնիսկ ՀԱՊԿ-ում նախագահության շրջանում Հայաստանը չկարողացավ իր համար շահավետ որոշումների հասնել սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։
Մինչդեռ փորձագետների գնահատականներն այդքան կտրուկ և զգացմունքային չեն։ Քաղաքագետ, Ռուսաստանի ԱԳՆ-ի Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը կարծում է, որ չի կարելի ՀԱՊԿ-ի դիրքորոշումը վերլուծել գլոբալ գործընթացներից կտրված՝ տեսադաշտից բաց թողնելով մի շարք զուգահեռ գործընթացներ և իրադարձություններ:
«Երևանը ՀԱՊԿ-ից հստակ որոշակիություն, պարզորոշ տեսակետ է ուզում, որը սեպտեմբերյան սրացումը և դրան նախորդող նմանատիպ իրադարձությունները կգնահատեր հենց որպես ադրբեջանական ագրեսիա։ ՀԱՊԿ-ի մյուս անդամները դրան պատրաստ չեն։ Նրանք դա դիտարկում են ոչ թե որպես միակողմանի ագրեսիա, այլ որպես էսկալացիա։ Նրանց տեսանկյունից` կա հին հակամարտություն, որը ժամանակ առ ժամանակ սրվում է։ Ուստի գնահատականները բավականին զուսպ են»,-ասաց փորձագետը Sputnik Արմենիային տված հարցազրույցում։
Նա հիշեցրեց, որ ինչպես Ռուսաստանը, այնպես էլ ՀԱՊԿ մյուս երկրները Ադրբեջանի հետ հարաբերությունների իրենց օրակարգն ունեն։ Նրանց միջև տնտեսական կապերի բավականին բարձր մակարդակ կա։ Մոսկվայի համար, Արևմուտքի հետ հարաբերությունների անընդհատ վատթարացման պայմաններում, կարևոր է դեպի արտաքին աշխարհ որոշ պայմանական պատուհանների պահպանումը, և Մոսկվան պատրաստ չէ ռիսկեր ստեղծել թուրքական և ադրբեջանական ուղղություններով։
Պատասխանելով այն հարցին, թե ինչու է Ադրբեջանն ամեն անգամ «քաշում» ՀԱՊԿ-ում Հայաստանի դաշնակիցներին և համատեղության կարգով իր ընկերներին, փորձագետը նշեց, որ Բաքուն զգացել է հաղթանակի համը։ 26 տարի տևած ստատուս քվոյի փոփոխությունից հետո Ադրբեջանը փորձում է հասնել մաքսիմալիստական նշաձողերին։ Բաքուն ոչ մի պատճառ չունի նայելու, թե ինչ են մտածում այդ մասին մյուս երկրները, անգամ ամենամոտիկները։
Մարկեդոնովը նշում է, որ ցանկացած պետություն առաջին հերթին մտածում է իր շահերի մասին, սակայն նա հակված չէ այն մտքին, որ Հայաստանը կլքի ՀԱՊԿ-ը։ Այս կառույցը Ռուսաստանի հետ համագործակցության հնարավորություն է, ուստի Երևանը կմնա այնտեղ, չնայած քննադատությանը։
«Ենթադրենք`ՀԱՊԿ-ը ինչ-որ բան լավ չի անում, ենթադրենք` պահանջներ կան Մոսկվայից։ Բայց այլ ռազմավարական առաջարկ չկա։ Մակրոնի «թվիթները» կամ Ֆրանսիայի Սենատի բանաձևը չի կարելի այդպիսի առաջարկ համարել։ Այն բանից, որ Սենատը դատապարտել է ադրբեջանական գործողությունները, ոչինչ չի փոխվել և չի փոխվի, առավել ևս, որ փաստաթուղթը խորհրդատվական բնույթ է կրում։ Ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Ֆրանսիան պատրաստ չեն իրականությունն ընկալել Հայաստանի տեսանկյունից»,-ասում է մեր զրուցակիցը։
Եթե խոսենք խաղաղ գործընթացի մասին, ապա նույն ԱՄՆ-ն ու ԵՄ-ն լոբինգ են անում պայմանագրի շուտափույթ ստորագրումը։ Իսկ Ռուսաստանը, համաձայնելով համաձայնագրի ստորագրման անհրաժեշտության հետ, փորձում է այն իրականացնել ավելի հիմնավոր ձևաչափով` սահմանազատում, կոմունիկացիաների ապաշրջափակում և այլն: Մարկեդոնովի խոսքով`Վաշինգտոնի և Բրյուսելի համար կարևոր են ժամկետները. որքան շուտ, այնքան լավ:
«Օգտվելով այն հանգամանքից, որ Ռուսաստանն այժմ ուկրաինական խնդրով է զբաղված, Արևմուտքը փորձում է Մոսկվային դուրս մղել գործընթացից։ Չէ՞ որ եթե խաղաղության պայմանագիր ստորագրվի, ապա էլ ինչի՞ համար են պետք լինելու խաղաղապահները, ինչի՞ համար է պետք լինելու ռուսական ռազմակայանը Հայաստանում և այլն»,- կարծում է նա։
Հայ քաղաքագետ Դավիթ Հարությունովի կարծիքով էլ`կա ակնկալիքների և հնարավորությունների որոշակի շեմ, որից այն կողմ ՀԱՊԿ-ը Հայաստանին աջակցելու առումով չի կարող գնալ։
«Որքան էլ հայկական կողմը փորձի ճնշում գործադրել, քաղաքական հայտարարություններ անել, ինչ-որ դեմարշների գնալ, կազմակերպությունը դրսևորելու է այն դիրքորոշումը, որն իրեն հնարավոր է թվում ներկա պայմաններում։ Առաջին հերթին դա պայմանավորված է Ադրբեջանի և ՀԱՊԿ անդամ մյուս երկրների միջև սերտ կապերով։ Երկրորդ գործոնը կապված է տարածաշրջանում Ռուսաստանի կոնսոլիդացնող դերի որոշակի թուլացման հետ»,-ասաց նա։
Մեկնաբանելով Հայաստանի իշխող վերնախավի կողմից կազմակերպության հասցեին հնչող քննադատությունը՝ Հարությունովը նշում է, որ տեսականորեն չի կարելի բացառել ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորությունը, սակայն ներկայում խոսքն ավելի շուտ կառույցի վրա ճնշում գործադրելու փորձի մասին է, քան ինչ-որ կտրուկ փոփոխությունների ու շրջադարձերի:
Նրա խոսքով` կարելի էր մտածել կազմակերպությունից դուրս գալու մասին, եթե Հայաստանի ղեկավարության կողմից քննադատությունն ուղեկցվեր Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքի վերանայման, Արևմուտքի հետ ռազմական համագործակցության ակտիվացման և այլ գործընթացների ուղղությամբ համակարգային գործողություններով: Բայց ոչ մի համակարգ չի երևում, Երևանը չի շտապում խզել կապերը Մոսկվայի հետ, խոսքն ընդամենը որոշակի մանևրի մասին է։ Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ այնտեղից։
Նախ Արևմուտքը պետք է պատրաստ լինի «ընդունել» Հայաստանին, իսկ այդպիսի պատրաստակամություն չի նշմարվում։ Երկրորդ` գոյություն ունի Հայաստանի շատ լուրջ տնտեսական կախվածությունը Ռուսաստանից, և ոչ մի գործընկեր չի կարող սեղմ ժամկետներում զբաղեցնել Մոսկվայի տեղը։