Ինչ փաստաթղթեր պետք է ոչնչացվեն ԱԱԾ արխիվում. ընդդիմադիրը` ֆինանսների փոխնախարարին

ՀՀ ԱԱԾ շենքը
Արթուր Խաչատրյանը փորձեց հասկանալ, թե ինչու է նման կարևոր հարցը հիմա բերվում ԱԺ ու նշվում, որ այն պետք է հրատապ կերպով քննարկվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. ԱԺ 8-րդ գումարման 4-րդ նստաշրջանի արտահերթ նիստում քննարկվում է ԱԱԾ–ի արխիվները ոչնչացնելու թույլտվություն տալու մասին հարցը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նիստի օրակարգը ներկայացնող ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանից փորձեց պարզել, թե ԱԱԾ արխիվում այդ ինչ փաստաթղթեր պետք է ոչնչացվեն, որ հիմա է բերվում ԱԺ, քանի որ հարցի հրատապ լինելու դեպքում այն կարելի էր ավելի շուտ ներառել օրակարգում ու քննարկել։
Նշենք, որ Պողոսյանը «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը ներկայացնելիս հիշատակեց կադրային փոփոխությունների մասին հարցը, մինչդեռ մյուս հարցը վերաբերում էր արխիվներին, որին նա չանդրադարձավ։

«Չեմ վիճարկում ոչ հրատապությունը, ոչ էլ կարևորությունը, ուղղակի եթե այն կարևոր է, ապա պետք է ավելի պատշաճ ժամանակ տրամադրվեր։ Կարևորությունը ենթադրում է խորը և համապարփակ քննարկում։ Հրատապությունն էլ ենթադրում է, որ պետք է շուտ բերվեր նախագիծը, ոչ թե հիմա ու ասեք, թե շուտ պետք է քննարկվի, որովհետև մի քանի օրից նոր ռեժիմ է գործադրվելու»,– նշեց Խաչատրյանը։

Նշենք, որ արտահերթ նիստում ԱԺ–ն սահմանեց, որ նախագծերի առաջին ընթերցումից հետո երկրորդ ընթերցումը տեղի է ունենալու 24 ժամվա ընթացքում:
Արման Պողոսյանն էլ ասաց, որ չի հասկանում, թե ինչ փաստաթղթերի վերացման մասին է խոսքը։ Նա առաջարկեց արխիվի հետ կապված դրվագին անդրադառնալ հարցի բովանդակային քննարկման ժամանակ։