ՀՀ ՊՆ զինծառայողին հրազենային վիրավորում պատճառելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտե
ՀՀ զինված ուժերի պայմանագրային զինծառայողը ձախ սրունքի ստորին երրորդի շրջանում ստացել է հրազենային միջանցիկ վիրավորում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող Ռ. Ա.-ին հրազենային վիրավորում պատճառելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Ռ. Ա.-ն:
«Նախնական տեղեկություններով՝ 2022թ. նոյեմբերի 23-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողը, թշնամանքի շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոց է արձակել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքի ուղղությամբ, որի հետևանքով պայմանագրային զինծառայող Ռ. Ա.-ն ձախ սրունքի ստորին երրորդի շրջանում ստացել է հրազենային միջանցիկ վիրավորում»,–նշված է հաղորդագրության մեջ
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին (սպանության փորձ) և 15-րդ կետերով (ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով) նախաձեռնվել է քրեական վարույթ: