Հայկական եռագույնը բարձրացվել է Ստրասբուրգի քաղաքապետարանի շենքի վրա

Հայկական եռագույնը բարձրացվել է Ստրասբուրգի քաղաքապետարանի շենքի վրա
Ստրասբուրգն այս քայլով իր աջակցությունն է հայտնում Հայաստանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. Այսօրվանից Ստրասբուրգի (Ֆրանսիա) քաղաքապետարանի շենքի վրա ծածանվելու է Հայաստանի դրոշը՝ ի նշան համերաշխության Հայաստանի և հայ ժողովրդի հետ։ Տեղեկությունը հայտնում է Եվրոպայի խորհրդում Հայաստանի ներկայացուցչությունը։
«Նոյեմբերի 24-ին դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը, Ստրասբուրգի քաղաքապետ Ժան Բարսեղյանը, քաղաքային խորհրդի անդամ, Հայաստանին աջակցելու վերաբերյալ բանաձևի հեղինակ Պիեռ Յակուբովիչը և այլ հրավիրյալներ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ խորհրդանշական այս քայլը նախատեսված է եղել Ստրասբուրգի քաղաքային խորհուրդի կողմից նոյեմբերի 7-ին միաձայն ընդունված բանաձևով, որը հստակ դատապարտում է Ադրբեջանի ռազմական հարձակումը Հայաստանի վրա, կոչ անում խաղաղության հաստատման և նախատեսում աջակցություն բարեկամ Հայաստանին։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Երևանում բարձրացվել է ամենաբարձր եռագույնը. դրոշաձողի բարձրությունը 33 մետր է
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։