Հայաստանը կփոխհատուցի «Գազպրոմ Արմենիայի» վնասները. գազի գինը 10 տարի չի բարձրանա

Հրազդանի ՋԷԿ
Հրազդանի ՋԷԿ–ն աշխատում է թերբեռնված ու պարբերաբար ստիպված է լինում դադարեցնել աշխատանքը` էլեկտրաէներգիայի գերարտադրությունը կանխելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին տարեկան 34,79 մլն ԱՄՆ դոլար կվճարի` որպես Հրազդանի 5-րդ էներգաբլոկի տարեկան հզորության վճար։ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի առուվաճառքի մասին 2013 թվականին կնքված համաձայնագրում համապատասխան փոփոխություն կատարելու մասին արձանագրության նախագիծը։
Նշված 34,79 մլն ԱՄՆ դոլարից 31,79 մլն–ը կուղղվի ներդրումների վերադարձի ապահովմանը, 3 մլն–ը` 5-րդ էներգաբլոկի ընթացիկ շահագործման և սպասարկման ծախսերի փոխհատուցմանը։
Բանն այն է, որ Հրազդանի ՋԷԿ–ն այսօր աշխատում է թերբռնված ու պարբերաբար ստիպված է լինում դադարեցնել աշխատանքը` էլեկտրաէներգիայի գերարտադրությունը կանխելու համար։
«5-րդ էներգաբլոկի թերբեռնվածությունը մեծապես պայմանավորված է առևտրային պայմանագրերի բացակայությամբ, ինչպես նաև Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման ժամկետների ուշացմամբ։ Էներգաբլոկի ոչ լրիվ հզորությամբ աշխատելու հետևանքով «Գազպրոմ» ՓԲԸ-ի կողմից կատարված ներդրումները ոչ միայն ետ չեն գնվել, այլև վարկային պարտավորություններն ավելացել են՝ հասնելով շուրջ 100 մլն դոլարի»,– ասված է կառավարության որոշման նախագծում։
Կառավարությունը կարծում է, որ տարեկան 34,79 մլն ԱՄՆ դոլարի փոխհատուցումը կնպաստի Հրազդանի 5-րդ էներգաբլոկի վերագործարկմանը, ինչպես նաև հնարավորություն կստեղծվի 10 տարվա կտրվածքով հաստատուն պահել Հայաստան մատակարարվող գազի գինը։
«Տաշիրը» Հայաստանում ամրանների գործարան է կառուցում և ուզում է թարմացնել Հրազդանի ՋԷԿ–ը
Բացի այդ, արձանագրությամբ նախատեսվում է Երևանի ՋԷԿ-ի՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին ունեցած շուրջ 30 մլն դոլար պարտավորությունների մարման հետ կապված հարցերի կարգավորումը։
Արձանագրությունը կազմվել է ռուսական կողմի հետ շուրջ 2 տարի տևած բանակցությունների արդյունքում և ստորագրվել այս տարվա հունիսին։
Կառավարության նիստում այսօր հավանություն արժանանալուց հետո այն կներկայացվի ՀՀ նախագահի վավերացմանը, ուժի մեջ կմտնի վավերացումից անմիջապես հետո։ Ամենայն հավանականությամբ, առաջին վճարումը ռուսական կողմին կկատարվի արդեն 2023թ–ին։