Երևանում խաղատներ կհայտնվեն. ըստ Փաշինյանի` անապահովների խաղադրույքների վրա աչք չեն դնի

Խաղատուն
Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Երևանում բացվող խաղատներն «այլ կարգի» են լինելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց` ազդակներ ունեն, որ Երևանում 100 մլն և ավելի դոլար ներդրմամբ հյուրանոցներ են կառուցում, որոնք նպատակ ունեն խաղատուն բացելու։ Փաշինյանը նման հայտարարություն արեց` խոսելով օրենքի այն կետի մասին, ըստ որի` 100 միլիոն դոլար ներդրման պարագայում հնարավորություն կա ցանկացած տեղ խաղատուն բացել։
Նշենք, որ ըստ օրենքի՝ խաղատներ կարող են բացվել Երևանից 50 կմ հեռավորության վրա։
«Ֆիննախում քննարկումների արդյունքում հանգեցինք այն եզրակացության, թե ինչպես ենք հաշվարկելու, որ 100 մլն դոլարի ներդրում է կատարվել։ Բնականաբար, Երևանում բացվող խաղատները կլինեն ավելի այլ կարգի, որը սոցիալապես անապահով խավի խաղադրույքների վրա աչք չի դնի, այլ բոլորովին այլ տրամաբանությամբ կաշխատի»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` մի քանի ամսվա ընթացքում կարող են նախագիծը շրջանառության մեջ դնել, թե ինչպես են ներդրումները հաշվարկվելու, որպեսզի չարաշահումներ չլինեն։
Միաժամանակ, Փաշինյանը հայտնեց, որ ՊԵԿ–ն ու ֆինանսների նախարարությունը համատեղ մշակում են խաղատների, շահումների հաշվառման և հարկման նոր համակարգ։ Սա, ըստ նրա, պարզ գործ չէ` լուրջ ծրագրային և կազմակերպական մոտեցումներ են պետք. «4 տարվա համառ և երկարատև պայքարից հետո մենք վերջապես կարողանում ենք խաղային ոլորտը կարգավորել։ Դրա հետ կապված երևացող և չերևացող դիմադրություններ կային»։
Վարչապետը նշեց նաև, որ բուքմեյքերները և առցանց կազինոները 600 մլն դրամի չափով տարեկան տուրք են վճարում, սակայն այժմ պետք է նաև ամեն 100 մլրդ դրամ խաղադրույքի համար լրացուցիչ 175 միլիոն դրամ տուրք վճարեն։