ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Առաջիկայում մրցույթ կհայտարարվի, և Էրեբունի համայնքում նոր բանտ կսկսեն կառուցել։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը։
«2023-ի բյուջեով ահռելի գումարներ են նախատեսված նոր բանտային պայմանների ապահովման տեսանկյունից։ Մեծ փաթեթ ունենք` քրեակատարողական հիմնարկներում նախատեսվում է 1 մլրդ դրամից ավելի վերանորոգումներ ու կահավորումներ իրականացնել։ Բանտախցերը ևս կնորոգվեն»,–ասաց Մինասյանը։
Նրա խոսքով` ՔԿՀ–ների շենքային պայմանների խնդիրը կլուծվի, պարզապես հարցն այն է, որ տարիներ ի վեր կուտակված խնդիրներ են, որոնց առնչութամբ միանգամից արդյունք ունենալը դժվար կլինի։ Սակայն, ըստ Մինասյանի, պրոցեսները դեպի առողջացման են տանում։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան նոյեմբերի 16-ին Քրիստինե Գրիգորյանը հայտնել էր, որ «Աբովյան» ՔԿՀ–ի շենքային պայմանները անբավարար են, շենքը գտնվում է սանիտարահիգիենիկ անընդունելի վիճակում, հատուկ խցեր ու կացարաններ չկան հղի կանանց և մինչև 3 տարեկան երեխա ունեցողների համար։ Խցերում չկան օրորոցներ, մանկական մահճակալներ, տաք ջուր, առանձին լոգարան, սանհանգույց երեխաների համար, կահավորված խաղահրապարակ, ինչպես նաև երեխայի ֆիզիկական և հոգեկան առողջ զարգացմանը նպաստող միջավայր։
Փոխնախարարը հայտնեց` իրենց թիմն այնտեղ է և աշխատում է վերհանված խնդիրների առնչությամբ։