Ադրբեջանն ուզում է կեղծ հիմքեր ստեղծել Լաչինի միջանցքը վիճարկելու համար. Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանն ասել է, թե ինչ ճանապարհով է դա անում ադրբեջանական կողմը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. Ադրբեջանի պնդումը, թե հայկական կողմը Լաչինի միջանցքն օգտագործել է իր տարածք ականներ տեղափոխելու համար, բացարձակ սուտ է։ Այս մասին Twitter-ում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Ադրբեջանն Հայաստանի օկուպացված տարածքներից հանել է ականներ, տեղափոխել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներ, որպեսզի ցույց տա գործընկերներին և կեղծ հիմքեր ստեղծի Լաչինի միջանցքը վիճարկելու համար»,–գրել է Մարուքյանը։
Հիշեցնենք, որ Ստեփանակերտում օգոստոսի 2-ին անցկացված ԱԽ նիստում քննարկվել էր նաև Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքի հարցը. ադրբեջանական կողմը Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի միջոցով պահանջ է ներկայացրել առաջիկայում երթևեկությունը նոր երթուղով կազմակերպելու վերաբերյալ:
Օգոստոսի 4-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել էր, որ Լաչինի միջանցք կոչվող ճանապարհի այլընտրանքային հատվածի կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են ու մինչև գարուն կավարտվեն։
Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետում ասվում է, որ երեք տարում նոր ճանապարհ է կառուցվելու, որը կապելու է Արցախը Հայաստանի հետ։