Աբսուրդի ժանրից է տեղահանված ՀՀ քաղաքացի ձևակերպումը. ինչպես լուծել խնդիրը

Տեղահանվածներն Արցախի տարածքում ավելի քիչ քաշքշուկներով և խոչընդոտներով կարողանում են օգտագործել պետությունից ստացված վկայականները, սակայն հարց է` արդյոք այդ վկայականները նույն լիազորություններով ու արտոնություններով տարածվում են ՀՀ տարածքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Արցախից տեղահանվածների խնդիրները լուծելու համար նպատակահարմար է փախստականի և ապաստանի վերաբերյալ օրենքում փոփոխություն կատարելը և օտարերկրացի եզրույթը մի քիչ ադապտացնելնարցախահայության հետ կապված այսօրվա իրականությանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Մանուշ Եսայանը` անդրադառնալով տեղահանվածների բնակարանային խնդրին։
Փաստաբանը նշում է, որ օրենքի փոփոխությունը հնարավորություն կտա Արցախի բնակիչներին կա՛մ փախստականի, կա՛մ էլ ապաստան հայցողի կարգավիճակ ստանալ։ Իսկ հիմա արցախցի տեղահանված քաղաքացին բարդ իրավիճակում է։
«Աբսուրդի ժանրից է տեղահանված ՀՀ քաղաքացի ձևակերպումը։ Հիմա ՀՀ քաղաքացին որտեղի՞ց է տեղահանվել. ստացվում է` իր երկրից, բայց փախստական չէ։ Եթե նայենք գործող օրենքի տրամաբանությանը,օրենքում հստակ օգտագործվում է օտարերկրացի կամ քաղաքացիություն չունեցող եզրույթները, ովքեր որ կարող են ստանալ փախստականի կարգավիճակ կամ ապաստան հայցողի կարգավիճակ։ Արցախի բնակիչները հիմա որևէ կարգավիճակ չեն կարող ստանալ, որովհետև համարվում են ՀՀ քաղաքացի։ Իսկ փախստականի կարգավիճակ ստանալով` նրանք գոնե կարող են օգտվել որոշակի պետական ծրագրերից»,–ասաց նա` հավելելով, որ կամ էլ պետք է պետությունը հատուկ ծրագրեր մշակի կոնկրետ այդ իրավիճակում հայտնված քաղաքացիների համար։
Եսայանի խոսքով` կան իրավական գործիքակազմեր, որոնցով տեղահանված քաղաքացիները կարող են պայքարել իրենց իրավունքների համար, բայց դա կարող է երկար տարիներ տևել, իսկ նրանք նախևառաջ կեցության խնդիր ունեն։
Նշենք, որ տեղահանվածները պետությունից ստացել են սերտիֆիկատ` բնակարաններ ձեռք բերելու համար, սակայն դրանով որևէ գործարք չեն կարողանում իրականացնել։
Արցախից տեղահանված քաղաքացիները պետիցիա հանձնեցին Ֆրանսիայի դեսպանատուն
Սերտիֆիկատն օգտագործելիս առաջին խնդրին տեղահանվածները բախվում են բանկում։
Մեր զրուցակիցը պարզաբանում է` բանկի համար տարբերություն չկա` իրենց դիմում է արցախցի տեղահանվա՞ծ, թե՞ուղղակի շարքային քաղաքացի. բանկն աշխատում է իր նախընտրած պայմաններով, ինքն է որոշում` ցանկանո՞ւմ է զիջումների գնալ, թե՞ ոչ։
«Բանկը, որպես մասնավոր կառույց, ունի մեկ նպատակ` ստանալ շահույթ, և պետությունն իրավունք չունի միջամտելու մասնավորի, այս դեպքում` բանկի գործունեությանը։ Կան որոշակի օրինակներ, երբ բանկ–պետություն համագործակցության արդյունքում,օրինակ, տրամադրվել է գյուղատնտեսական վարկ գյուղացիներին` արտոնյալ պայմաններով, իսկ բանկի չստացած շահույթը սուբսիդավորել է պետությունը։ Սակայն ես տեղյակ չեմ նման նախագծից, որը տեղահանվածներին իրավունք է տալիս շրջանցելով բանկի որոշակի պահանջներ` ստանալ վարկ, որ հոգան իրենց բնակարանային խնդիրները»,–ասաց փաստաբանը։
Եսայանի խոսքով` տեղահանվածներն Արցախի տարածքում ավելի քիչ քաշքշուկներով և խոչընդոտներով կարողանում են օգտագործել պետությունից ստացված վկայականները, սակայն հարց է` արդյոք այդ վկայականները նույն լիազորություններով ու արտոնություններով տարածվում են ՀՀ տարածքի վրա։
Ադրբեջանական հարձակման արդյունքում 7600 անձ է տեղահանվել. ՀՀ ՄԻՊ
«Ես նման տեղեկություն չունեմ, որ այդ սերտիֆիկատները ՀՀ տարածքում տալիս են ինչ–որ արտոնյալ պայմաններ։ Սակայն պետք է լինենք ազնիվ` Արցախից տեղահանվածների համար ավելի ցանկալի է բնակարան ձեռք բերել ՀՀ տարածքի համեմատաբար անվտանգ բնակավայրերում, քան Արցախում կամ սահմանամերձ գոտիներում»,–ասաց փաստաբանը։
Ամփոփելով խոսքը` փաստաբանը նշեց, քանի որ արցախցիները կրում են ՀՀ քաղաքացու անձնագիր, խելամիտ ու արդար է, որ իրենց բոլոր պահանջներն ուղղված են Հայաստանին և ՀՀ իշխանություններին։
Նշենք, որ այսօր` նոյեմբերի 24–ին, Արցախի օկուպացված տարածքներից տեղահանված բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ կառավարության դիմաց՝ պահանջելով լուծել իրենց բնակարանային հարցը։ Պետությունը չնայած 10 մլն դրամին համարժեք սերտիֆիկատ է տրամադրել, բայց տները շատ թանկ են, հնարավոր չէ 1 տարի ժամկետում (սերտիֆիկատի օգտագործման վերջնաժամկետն է) տուն գնել։ Իսկ բանկերը հրաժարվում են հավելյալ գումար տրամադրել, գործարք կնքել։