ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի - Sputnik. Երևանում սանիտարահիգիենիկ կոպիտ խախտումների պատճառով հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։
Մասնավորապես՝ սննդի կառույցը նախագծված, կառուցված ու տեղակայված չի եղել այնպես, որ հնարավոր լինի կատարել համապատասխան խնամք, ախտահանում ու բացառվեն կեղտի կուտակումները։
«Կառույցն ապահովված չի եղել տաք ջրով, անձնակազմի համար նախատեսված չի եղել հանդերձարան։ Հատակը, պատերն ու առաստաղը չեն ունեցել հարթ-նորոգ մակերես, պատուհանը չի ունեցել միջատապաշտպան ցանց»,– ասված է հաղորդագրությունում։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնը հայտնաբերել է նաև, որ հանրային սննդի օբյեկտի սարքավորումները, գործիքները, պարագաները չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման։ Չեն իրականացվել նաև միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացները։
Տեսչական մարմինը սահմանել է ժամկետ խախտումները վերացնելու համար։
Նշենք, որ օբյեկտը պատկանում է անհատ ձեռնարկատեր Աննա Ալեքսանյանին, այն գտնվում է Երևանի Սևանի փողոցում։