Փաշինյանն իրավունք ունի խոսել ֆիասկոյի մասին, բայց ՀԱՊԿ–ի ջանքերը պահանջված են. Պեսկով

Դմիտրի Պեսկովը Երևանում
ՌԴ նախագահի մամուլի խոսնակի դիտարկմամբ, ՀԱՊԿ–ը պետք է որոշի հետագա անելիքները` հայկական կողմի բոլոր կասկածները փարատելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Փաշինյանն իրավունք ունի ՀԱՊԿ-ի աշխատանքը գնահատել որպես ֆիասկո։ Այսօր Երևանում ՀԱՊԿ գագաթաժողովի շրջանակներում, մեկնաբանելով ՀՀ վարչապետի ելույթը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Սա հայկական կողմի տեսակետն է, հայկական կողմի իրավունքն է այսպես դիտարկել իրավիճակը, բայց մյուս կողմից ՀԱՊԿ-ի պահանջարկն այս իրավիճակում ակնհայտ է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը լուծելու համար»,- ասել է Պեսկովը։
ՌԴ նախագահի մամուլի խոսնակը նաև ասել է, որ ՀԱՊԿ–ը պետք է որոշի հետագա անելիքները` իրավիճակի կարգավորմանն աջակցելու, լարվածությունը նվազեցնելու, խաղաղարար դերակատարում ունենալու համար թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար, և որպեսզի հայկական կողմի բոլոր կասկածները փարատվեն։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես հայտարարել էր, որ Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամ լինելու հանգամանքը չխոչընդոտեց Ադրբեջանին պատերազմ սկսելու Հայաստանի դեմ։