Հուսով ենք` ռուսական կողմի ջանքերի շնորհիվ ՀՀ–Ադրբեջան հակամարտությունը կկարգավորվի. Տոկաև

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ու Նիկոլ Փաշինյանը
Տոկաևը նշել է, որ կողմ է հայ-ադրբեջանական հակամարտության դիվանագիտական կարգավորմանն ուղղված քայլերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հույս ունի, որ ռուսական կողմի խաղաղարար ջանքերը թույլ կտան կարգավորել հայ-ադրբեջանական հակամարտությունը: Այս մասին Ղազախստանի ղեկավարը հայտարարել է Երևանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովում։
Տոկաևը պաշտպանել է հայ-ադրբեջանական հակամարտության դիվանագիտական կարգավորմանն ուղղված քայլերը։
«Մենք բոլորս շահագրգռված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմամբ։ Հուսով ենք, որ ռուսական կողմի խաղաղարար ջանքերը թույլ կտան կարգավորել հայ-ադրբեջանական հակամարտությունը բացառապես քաղաքական - դիվանագիտական ճանապարհով, և կողմերը խաղաղ պայմանագրի ստորագրմանը կհասնեն»,–նրա խոսքը մեջբերում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը ։
Նշենք, որ այսօր Երևանում ընթանում է ՀԱՊԿ գագաթնաժողովը։ ՀԱՊԿ-ի կազմում ընդգրկված են վեց պետություններ՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։