Հնարավոր է` ՀՀ–ում զանգվածային գաղտնալսումներ սկսվեն. «Ժողովուրդ»

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը փորձում է պարզել` պաշտոնյաներն ունե՞ն արդյոք գույք, որը չեն հայտարարագրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի - Sputnik. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դիմում է ներկայացրել ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը, որպեսզի նրանց օպերատիվ հետախուզական խումբը ստուգի բոլոր պետական պաշտոնյաների գույքը և պարզի, օրինակ, նրանք ունե՞ն արդյոք բիզնես, անշարժ կամ շարժական գույք, որը չեն հայտարարագրել, կամ վարո՞ւմ են արդյոք մի մեքենա, որը հայտարարագրում ներկայացված չէ: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տվել է մեծ թվով պետական պաշտոնյաների անուններ՝ ՀՀ վարչապետ, փոխվարչապետներ, ՀՀ նախագահ, ԱԺ նախագահ, պատգամավորներ և այսպես շարունակ: Մենք կհետևենք զարգացումներին՝ պարզելու, թե իրավապահների ստուգումները ինչ արդյունքներ կտան: Արդյոք դրանք կլինեն իրակա՞ն, թե՞ հետապնդումների հարմար առիթ»,–գրում է թերթը:
Ավելի վաղ «Ժողովուրդը» գրել էր, որ ՀՀ պետական պաշտոնյաներն այս օրերին ծանուցումներ են ստանում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից: Ծանուցման մեջ հանձնաժողովը կոնկրետ հարցադրումներ է արել պետական պաշտոնյաներին և պահանջել հայտնել, թե այս կամ այն բիզնեսի, գույքի կառավարման հետ ինչ առնչություն ունեն:
Կոռուպցիայի նկատմամբ Հայաստանը անզիջում է և անհանդուրժող. Աննա Վարդապետյան
Թերթի տեղեկություններով` չի բացառվում՝ սկսվեն նաև զանգվածային գաղտնալսումներ պաշտոնյաների գործունեությունը բացահայտելու ուղղությամբ: