ՌԱԴԻՈ

ՀՀ–ն կարող է դուրս մնալ Իրանի ծրագրից. Արթուր Ավետիսյան

Ավետիսյանը վստահ է, որ Հայաստանը ունենալով փոքր շուկա և էներգետիկ ավելցուկային հզորություն, ունի ներուժ էլեկտրաէներգիա արտահանել առաջին հերթին դեպի Իրան։
Sputnik
Հայաստանի կողմից նախաձեռնողականության բացակայության հետևանքով ՀՀ–ն կարող է դուրս մնալ Իրանի ծրագրից, որով նախատեսվում է Իրանի, Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև էլեկտրաէներգիայի փոխանակում իրականացնել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցի ժամանակ ասել է էներգետիկ անվտանգության փորձագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Ավետիսյանը` անդրադառնալով Իրանի Էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանի՝ օրերս հնչեցրած այն հայտարարությանը, թե Իրանի Իսլամական Հանրապետությունը, Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանն առաջիկայում էլեկտրաէներգիայի փոխանակման ծրագիր կիրականացնեն։
Ծրագրով նախատեսվում է, որ այն երկրները, որոնք կունենան էներգետիկայի հետ կապված խնդիրներ, մյուս երկրների էներգահամակարգերի շնորհիվ կխուսափեն մասսայական անջատումներից։

Ավետիսյանը նշում է, որ Իրանի կողմից էլեկտրաէներգիայի փոխանակման ծրագրի վերաբերյալ հայտարարությունը Հյուսիս–հարավ էլեկտրաէներգետիկական միջանցքի լիարժեք իրականացման մասին է, որը քննարկվում է դեռևս 2014-2015 թվականներից։

Ավետիսյանի խոսքով՝ Իրանը ունենալով էլեկտրաէներգիայի արտադրության պակաս՝ նախկինում միշտ նախապատվությունը տվել է Հայաստանից դրա ներկրմանը, ինչի համար էլ 2010 թվականին պետք է կառուցվեր Իրան–Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գիծը, սակայն մինչ օրս այն հետաձգվում է։
«Ճիշտ է, Իրանը մշտապես փորձում է անընդհատ Հայաստանին «պահել ջրի վրա», որովհետև իրենց շահերից ելնելով առավել նպատակահարմար գործընկեր է Հայաստանը, բայց ինչպես շատ ծրագրերից, այնպես էլ այս մեկից մենք կարող ենք դուրս մնալ. վտանգը հենց այդտեղ է, որովհետև Ադրբեջանը մշտապես փորձել է ու փորձում է այլընտրանքը լինել, Հայաստանին փոխարինողը լինել։ Աստիճանաբար մեր ոչ նախաձեռնողականության հետևանքով մենք ենք դառնում ենք փոխարինող, Ադրբեջանը՝ հիմնական տարբերակ։ Բայց դեռևս հնարավորություններ կան, որովհետև կան այդ երկրների շահերից բխող ցանկությունները և աջակցությունը»,–ասաց փորձագետը։
Սանոսյանն Իրանում քննարկել է գազ` էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրով նոր պայմանագիրը
էլեկտրաէներգիայի փոխանակման ծրագրի իրականացման իրատեսական լինելու վերաբերյալ փորձագետը նշում է, որ այն երկու բաղադրիչ ունի` տեխնիկական և քաղաքական։
Առաջինի մասով, ըստ Ավետիսյանի, Հայաստանը ծրագիրը կարող է իրագործել։ Մեր զրուցակիցը վստահ է, որ Հայաստանը ունենալով փոքր շուկա և էներգետիկ ավելցուկային հզորություն՝ ունի ներուժ էլեկտրաէներգիա արտահանել առաջին հերթին դեպի Իրան։ Միևնույն ժամանակ ՀՀ–ն խնդիր ունի ենթակառուցվածքների քանակի ավելացման հարցում։

Ինչ վերաբերում է հարցի քաղաքական հատվածին, մասնավորապես, որքանով է ծրագրի իրականացումը հավանական՝ հաշվի առնելով նույն ծրագրում Ադրբեջանի և Հայաստանի ներկայությունը և հայ–ադրբեջանական լարված հարաբերությունները, փորձագետը նշեց.

«Ես հակված չեմ հարցը դիտարկել հայ–ադրբեջանական հարաբերությունների տեսանկյունից, որովհետև երբ այս ծրագրերը դեռ նախագծման փուլում էին, այն ժամանակ հայ–ադրբեջանական կարգավորման մասին իրատեսական ոչ մի խոսք չկար։ Բայց այդ ծրագրերը մշակվում էին, ռազմավարական պլանավորում էր արվում Իրանում, ՌԴ–ում։ Այս ծրագիրը մեզ համար իրականում մեծ խաղաքարտ կարող է դառնալ, եթե ճիշտ կարողանանք օգտագործել։ Այստեղ ոչ թե շահերի բախում է, այլ համադրում։ Այն ժամանակ էլ, հիմա էլ մենք պետք է և կարող ենք որպես ինքնուրույն խաղացող դիտարկվել»,–ասաց նա։
Ամփոփելով խոսքը՝ Ավետիսյանը նշում է, որ եթե Հայաստանը քաղաքական կամք ցուցաբերի, այս ծրագրից դուրս չի մնա և որպես առանձին դերակատար կներկայանա։ Սակայն ՀՀ–ի կողմից ակտիվության և էներգետիկ ոլորտում դիվանագիտութան խնդիր կա. այն կամ թույլ է կամ բացակայում է։
Նշենք, որ 2016-ի ապրիլին Երևանում Հայաստանը, Վրաստանը, Իրանը և Ռուսաստանը կնքել են քառակողմ փաստաթուղթ, որով հաստատվել է «Հյուսիս-Հարավ» էլեկտրաէներգետիկական միջանցքի ձևավորման ճանապարհային քարտեզը: Նույն պայմանագրով նախատեսվում էր նաև Հայաստան–Իրան բարձրավոլտ համակարգի կառուցումը, որը պետք է շահագործման հանձնվեր դեռևս 2019 թվականին։