ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. ՀԱՊԿ–ը գոյություն կունենա և չի փլուզվի, սակայն դրա մասնակիցները պետք է միասնաբար լինեն։ Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի ընդլայնված նիստում ասաց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Վերջին շրջանում ԶԼՄ–ներում թեզիս է շրջանառվում, որ ՀԱՊԿ–ի ճակատագիրը կախված է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ օպերացիայից։ Այսինքն` եթե Ռուսաստանը հաղթի, ՀԱՊԿ–ը կշարունակի ապրել, եթե Աստված մի արասցե չհաղթի, ապա ՀԱՊԿ–ն այլևս գոյություն չի ունենա։ Զգում եմ, որ մենք միասնական որոշման ենք եկել` եթե ՌԴ–ն քանդվի, մենք կմնանք ավերակների տակ. մենք պետք է իրար պաշտպանենք»,–ասաց Լուկաշենկոն։
Նրա խոսքով` Բելառուսն իր կողմից ջանքեր կգործադրի, որ ՀԱՊԿ–ը զարգանա։ Լուկաշենկոն հավելեց, որ կազմակերպությունը չի պատրաստվում հեռանալ ռազմաքաղաքական ասպարեզից։
Հիշեցնենք՝ ՀԱՊԿ գագաթնաժողովն ընթանում է Երևանում։ Հայաստան են ժամանել կազմակերպության անդամ երկրների առաջնորդները։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: