ՀԱՊԿ ղեկավարները քննարկել են Արցախում խաղաղապահ առաքելության երկարաձգման հարցը

Ռուս խաղաղապահ Արցախում
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ հարցը վերջնականապես որոշված չէ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Երևանում կայացած գագաթաժողովում քննարկել են Արցախում խաղաղապահ առաքելության ժամկետի երկարաձգման հարցը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այդ թեման շոշափվել է շատ անկեղծ, շատ անմիջական, կառուցողական մթնոլորտում։ Վերջնականապես ամեն ինչ դեռ համաձայնեցված չէ, կան որոշ նրբերանգներ»,- ասել է Պեսկովը։
Նա ընդգծել է, որ «թեման դեռ օրակարգում է»։
Բանակցություններում քննարկված հարցերի թվում է եղել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հարցը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ասել է, որ ոչ ոք չի փորձում պայմանագրի ստորագրումը պայմանավորել տարվա ավարտով։
«Գլխավորն այն է, որ այն ստորագրվի»,– ասել է Պեսկովը։
Պատրաստ եմ ստորագրել ռուս խաղաղապահների մանդատի ժամկետի երկարացման որոշում. Փաշինյան
«Կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության գան, բոլորը պետք է բոլոր ջանքերը գործադրեն՝ առանց միմյանց հետ մրցելու», - ասել է Պեսկովը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը կարծիք է հայտնել, որ Հայաստանը կմնա ՀԱՊԿ-ում, չնայած այն հանգամանքին, որ ամեն ինչ չէ, որ հաջողվել է համաձայնեցնել երևանյան գագաթնաժողովում։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: