Հայաստանում 18 հեռավար գիտական լաբորատորիա կհիմնվի

5 տարվա կտրվածքով յուրաքանչյուր լաբորատորիայի կտրամադրվի մինչև 152.5 միլիոն դրամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում 18 հեռավար գիտական լաբորատորիա կհիմնվի, հայտնում է ԿԳՄՍՆ–ն։
Նշվում է, որ նախապես հայտարարված մրցույթի արդյունքում ընտրվել է 18 թեմա, որոնցից յուրաքանչյուրի համար հետազոտական խմբի աշխատանքի վարձատրության, գործուղումների, լաբորատորիայի ենթակառուցվածքի բարելավման ու սարքավորումների ձեռքբերման նպատակով 5 տարվա կտրվածքով կտրամադրվի մինչև 152.5 միլիոն դրամ:
«Թեմաների ղեկավարներն արտերկրում բնակվող բարձր վարկանիշ ունեցող գիտնականներ են, որոնք պատրաստ են իրականացնել իրենց հավակնոտ հետազոտական գաղափարները՝ ստեղծելով և ղեկավարելով նոր հետազոտական խմբեր Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր» մրցույթը պարբերական բնույթ է կրելու։
Երևանում հայ-ռուսական բարեկամության հուշարձան կտեղադրվի. ԿԳՄՍՆ-ն մրցույթ է հայտարարել