Երևանում ՀԱՊԿ անդամ երկրների ԱԽ քարտուղարները դատապարտել են նացիզմի հերոսացումը

ՀԱՊԿ անդամ երկրների դրոշներ
ՀԱՊԿ անդամ երկրների ԱԽ քարտուղարները ողջունել են պետությունների և միջազգային կազմակերպությունների ջանքերը՝ ուղղված նացիզմի և ծայրահեղականության հերոսացման դրսևորումների հակազդմանը և դրանց դեմ պայքարին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարները դատապարտել են նացիզմի, նեոնացիզմի և ծայրահեղականության հերոսացումը։ Երևանում ՀԱՊԿ անդամ երկների արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստում հայտարարություն է ընդունվել։
ՀԱՊԿ-ն առաջիկայում մարտավարական և հատուկ զորավարժություններ կանցկացնի. գլխավոր քարտուղար
Համատեղ հայտարարությամբ նրանք մտահոգություն են հայտնել և դատապարտել նացիզմի, նեոնացիզմի, ծայրահեղականության, շովինիզմի, այլատյացության, ատելության, ռասայական և ազգային գերազանցության բոլոր ձևերի հերոսացման դրսևորումների աճը, որոնք իրական վտանգ են ներկայացնում ժողովրդավարական և համամարդկային արժեքների, անվտանգության, սոցիալական կայունության և հասարակության միասնության համար։
Բացի այդ, ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարները դատապարտել են նացիզմի և ազգայնական գաղափարախոսությունների տարածմանն ու արդարացմանն ուղղված ցանկացած գործողություն, ինչպես նաև ողջունել են պետությունների և միջազգային կազմակերպությունների ջանքերը՝ ուղղված նացիզմի, նեոնացիզմի և ծայրահեղականության հերոսացման դրսևորումներին հակազդելուն ու դրանց դեմ պայքարին։
Նշենք, որ այսօր Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողով կանցկացվի։ Կազմակերպության անդամ երկրների նախագահներն արդեն Հայաստանում են։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։
Վլադիմիր Պուտինի ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում