Չի կարելի թույլ տալ, որ մեզ գժտեցնեն. Լուկաշենկոն ելույթ է ունեցել ՀԱՊԿ գագաթնաժողովում

Ալեքսանդր Լուկաշենկո
Բելառուսի առաջնորդը համոզված է՝ որքան ամուր լինի ներքին միասնությունը, այնքան ուժեղ կլինի կազմակերպությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի - Sputnik. Դաշնակցային հարաբերությունները պետք է անփոփոխ մնան։ Ինչպես հայտնում է ԲԵԼՏԱ-ն, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այս հայտարարությունն արել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովում։
«Այս մոլեգնող ու սրընթաց փոփոխվող աշխարհում մեր դաշնակցային հարաբերությունները պետք է անփոփոխ մնան։ Չի կարելի թույլ տալ, որ մեզ գժտեցնեն, մեր միջև հակասությունների և տարաձայնությունների սերմեր ցանեն։ Դրանից կախված կլինի թե՛ մեր երկրների, թե՛ մեր կազմակերպության ապագան», - ասել է Բելառուսի ղեկավարը։
Նրա խոսքով՝ Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրումից հետո անցած 30 տարիների ու ՀԱՊԿ-ի ստեղծման 20 տարիների ընթացքում ռազմաքաղաքական միության ձևավորման ճանապարհը բավականին բարդ է եղել:
«Մեզ համար կենսական նշանակություն ունի ՀԱՊԿ-ի ներսում համախմբվածությունն ու համերաշխությունը ամրապնդելը, պետք է ավելի հաճախ միմյանց դիմել և ուրիշ տեղ օգնություն չփնտրել։ Որքան ամուր լինի ներքին միասնությունը, այնքան ուժեղ կլինի մեր կազմակերպությունը, այնքան ավելի շատ կհարգեն ուրիշները, այնքան ավելի արդյունավետորեն կհամապատասխանի տարածաշրջանային և գլոբալ անվտանգության զարգացող համատեքստին», - կարծում է Լուկաշենկոն։
Բելառուսի ղեկավարը խոսել է նաև ՀԱՊԿ-ը փոփոխվող մարտահրավերներին և սպառնալիքներին հարմարեցնելու անհրաժեշտության մասին՝ նշելով, որ կազմակերպությունը դրա համար ունի հավաքական հզոր ներուժ:
Հիշեցնենք՝ ՀԱՊԿ գագաթնաժողովն ընթանում է Երևանում։ Հայաստան են ժամանել կազմակերպության անդամ երկրների առաջնորդները։
Ինչպես դիմավորեցին Վլադիմիր Պուտինին Երևանում. տեսանյութ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: