Արցախի նախագահը 9 նախարարի ազատել է պաշտոնից. 4–ը նշանակվել են ԺՊ

Արայիկ Հարությունյան
Պաշտոններից ազատված նախարարներին կփոխարինեն նրանց տեղակալները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մի շարք հրամանագրեր է ստորագրել՝ պաշտոնից ազատելով 9 նախարարի: Տեղեկությունը հրապարակվել է Արցախի նախագահի պաշտոնական կայքում։
Ըստ այդմ` Միքայել Հայրիյանն ազատվել է առողջապահության նախարարի պաշտոնից։ Նախարարի պարտականությունները ժամանակավորապես կկատարի նախարարի տեղակալ Արթուր Օհանջանյանը:
Նորայր Մուսայելյանն ազատվել է գյուղատնտեսության նախարարի պաշտոնից: ԺՊ է նշանակվել նրա առաջին տեղակալ Տիգրան Առստամյանը:
Անահիտ Հակոբյանն ազատվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից։ Նրան ժամանակավորապես կփոխարինի տեղակալ Հասմիկ Մինասյանը:
Արմինե Պետրոսյանն ազատվել է սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի պաշտոնից: Պարտականությունները ժամանակավորապես վերապահվել են նախարարի առաջին տեղակալ Վահրամ Առաքելյանին:
Հայկ Խանումյանն ազատվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից: ԺՊ է նշանակվել նախարարի առաջին տեղակալ Վարդան Բեգլարյանը։
Եվս 4 պաշտոնյա` արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանը, արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը և ֆինանսների ու էկոնոմիկայի նախարար Վահրամ Բաղդասարյանը նույնպես ազատվել են պաշտոններից ու նշանակվել ժամանակավոր պաշտոնակատարներ։
Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության նախագահը նոյեմբերի 4-ին պաշտոնից ազատել էր պետական նախարար Արտակ Բեգլարյանին և այդ պաշտոնում նշանակել Ռուբեն Վարդանյանին: