Որևէ պետություն չպետք է նկրտում ունենա Սյունիքի մարզի նկատմամբ. ՀՀ–ում Իրանի դեսպան

ՀՀ–ում Իրանի դեսպան
Զոհուրին վերահաստատել է Սյունիքի մարզի կարևորությունը Իրանի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Սյունիքի մարզի նկատմամբ որևէ պետություն չպետք է ունենա որևէ նկրտում: ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
«Զոհուրին ընդգծել է, որ Իրանի համար հարևան երկիր Հայաստանի հետ հարաբերությունները առաջնահերթություն են, որի փոխադարձ լինելը հաստատված է նաև երկու երկրների ղեկավարությունների կողմից: Ի պատասխան Աննա Վարդապետյանի՝ Սյունիքում Իրանի գլխավոր հյուպատոսություն բացելու վերաբերյալ բարձր գնահատականի, Զոհուրին վերահաստատել է Իրանի համար Հայաստանի Սյունիքի մարզի կարևորությունը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Դեսպանն ընդգծել է, որ Իրանի ու Հայաստանի միջև 3000-ամյա պատմամշակութային ամուր կապերը լավ հիմք են բոլոր ուղղություններով հարաբերությունների զարգացման համար, ինչն ակնառու է հատկապես վերջին երկու տարիների ընթացքում:
Հանդիպման ընթացքում Հայաստանի գլխավոր դատախազը և Զոհուրին անդրադարձել են նաև դատապարտյալների արտահանձնմանն ու քրեական գործերով իրավական օգնությանը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերով արդյունավետ ու օպերատիվ փոխգործակցությանը:
Հիշեցնենք` Իրանի կառավարությունը 2021թ.–ի տարեվերջին որոշեց գլխավոր հյուպատոսություն բացել Սյունիքի մարզկենտրոնում, ՀՀ կառավարությունը տվեց իր համաձայնությունը։
Հոկտեմբերի 21-ին ՀՀ և ԻԻՀ արտգործնախարարները ներկա գտնվեցին Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման արարողությանը։ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս նշանակվեց Աբեդին Վարամինը։