ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:
«Վստահ եմ, որ հայ-ղազախական երկկողմ արդյունավետ համագործակցության հետագա ընդլայնումը, ինչպես նաև ինտեգրացիոն միավորումների շրջանակներում փոխգործակցությունը կնպաստեն մեր երկրների միջև բարեկամության և վստահության ամրապնդմանը՝ ի նպաստ Հայաստանի և Ղազախստանի բարեկամ ժողովուրդների»,–իր ուղերձում նշել է ՀՀ նախագահը:
Վահագն Խաչատուրյանը բեղմնավոր աշխատանք և հաջողություններ է մաղթել Կասիմ-Ժոմարտ Տոկաևին պետական պատասխանատու պաշտոնում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին Ղազախստանում տեղի են ունեցել յոթերորդ նախագահական ընտրությունները։ Պետության ղեկավարի պաշտոնին 6 թեկնածու էին հավակնում։
Գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հաղթել է նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների 81,31 տոկոսը (6 456 392 քվե):
Երկրորդ հորիզոնականը զբաղեցնող թեկնածուն` Ժիգուլի Դայրաբաևը, 3,42 տոկոս է հավաքել։ Նախագահի մյուս թեկնածուները հավաքել են ձայների երկու տոկոսից մի փոքր ավելին։