Թուրքիայի ԶՈւ–ն հրետակոծել է սիրիական բանակի դիրքերը. կա 1 զոհ, 4 վիրավոր

Թուրքական զորքը հրետակոծել է Սիրիայի տարածքը` հայտարարելով, որ դա պատասխան է քրդերի գործողություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Սիրիական ԶՈւ–ի դիրքերի հրետակոծության հետևանքով կան զոհ և վիրավորներ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով տեղի ռազմական աղբյուրին։
«Հալեպի հյուսիս–արևելքում թուրքական բանակի կողմից սիրիական բանակի դիրքերի հրետակոծության հետևանքով սիրիացի մեկ զինվորական զոհվել է, 4-ը` տուժել», – ասել է աղբյուրը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի ցերեկը Ստամբուլի Իսթիքլալ փողոցում պայթյուն էր որոտացել։ Զոհվել էր 6 մարդ, վիրավորվել՝ 81-ը։ Երկրի ղեկավարությունը տեղի ունեցածը որակել է որպես ահաբեկչություն։
Իրանն Իրաքում գնդակոծել է Թեհրանին դեմ կուսակցության շտաբները
Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետևում կանգնած են Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) և քրդական Ժողովրդի պաշտպանության ջոկատները, որոնք Թուրքիայում համարվում են ահաբեկչական:
Նոյեմբերի 20-ին Թուրքիայի ԶՈւ–ն Սիրիայի և Իրաքի հյուսիսում օդային գործողություններ են իրականացրել քրդական խմբավորումների դեմ` ոչնչացնելով 89 թիրախ։