Սեպտեմբերյան դեպքերից հետո կարևոր հանդիպում է. Միրզոյանը բացել է ՀԱՊԿ ԱԳ նախարարների նիստը

ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարները
Նիստի օրակարգում մոտ երկու տասնյակ փաստաթուղթ կա, որոնք վերաբերում են արտաքին քաղաքականության համակարգմանը, ռազմաքաղաքական համագործակցությանը, նոր սպառնալիքներին ու մարտահրավերներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարները Երևանում անցկացվող նիստի ընթացքում արտաքին քաղաքական համակարգման և ռազմատեխնիկական համագործակցության հարցեր են քննարկում:
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն իր բացման խոսքում ընդգծել է, որ Երևանում մեծ կարևորություն են տալիս այս հանդիպմանը։
«Մեզ համար այս հանդիպումը կարևոր է, քանի որ այն առաջինն է առկա ձևաչափով` այս տարվա սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո»,– նշել է նա։
Ըստ Միրզոյանի` օրակարգում մոտ երկու տասնյակ փաստաթուղթ կա, որոնք վերաբերում են արտաքին քաղաքականության համակարգմանը, ռազմաքաղաքական համագործակցությանը, նոր սպառնալիքներին ու մարտահրավերներին և Հարավային Կովկասում տիրող իրավիճակին։
Հանդիպմանը մասնակցում է նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որն այսօր է ժամանել Երևան։
Չորեքշաբթի Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը՝ առաջնորդների մակարդակով։ Սպասվում է, որ նիստին կմասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Պուտինը նախատեսում է առանձին հանդիպում անցկացնել Փաշինյանի հետ. Պեսկով
Բացի այդ, վաղը նախատեսված է ՀԱՊԿ երկրների արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների համատեղ նիստը։ ՌԴ ԱԳՆ-ից ավելի վաղ հայտնել էին, որ մասնակիցները պատրաստվում են հավանություն տալ մի շարք փաստաթղթերի, այդ թվում՝ ամփոփիչ հռչակագրին, որը կներկայացվի առաջնորդների հաստատմանը:
ՀԱՊԿ-ում ընդգրկված են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։ 2022 թվականին կազմակերպության նախագահությունը ստանձնել էր Հայաստանը, հաջորդ տարի այն կնախագահի Բելառուսը։