ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն հեռանում է «Մանչեսթեր Յունայթեդից»։ Նա հայտարարել է, որ եկել է նոր մարտահրավեր փնտրելու ժամանակը։
«Մանչեսթեր Յունայթեդն» այսօր հայտարարել է, որ խզում է Ռոնալդուի հետ պայմանագիրը։
««Մանչեսթեր Յունայթեդի» հետ բանակցություններից հետո մենք պայմանագրի վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ փոխադարձ համաձայնության եկանք։ Ես սիրում եմ «Մանչեսթեր Յունայթեդը» և սիրում եմ երկրպագուներին, դա երբեք չի փոխվի։ Այնուամենայնիվ, ինձ թվում է, որ հիմա նոր մարտահրավեր փնտրելու ժամանակն է», - Ռոնալդուի խոսքը Twitter-ում մեջբերում է Telegraph-ի լրագրող Մեթ Լոուն։
Նա հաջողություն է մաղթել թիմին։
Ավելի վաղ Ռոնալդուն հարցազրույց էր տվել բրիտանացի լրագրող Փիրս Մորգանին և ասել, որ «Մանչեսթեր Յունայթեդը» դավաճանել է իրեն: Նա քննադատել էր ակումբի ղեկավարությանն ու մարզչական շտաբին` նշելով, որ չի հարգում թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին։
Ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդում» է խաղացել 2003-2009 թվականներին, ակումբ է վերադարձել 2021 թվականի ամռանը։ 37-ամյա պորտուգալացին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է ընդհանուր առմամբ 346 պաշտոնական հանդիպում, որոնցում 145 գոլ է խփել: