Քոչարյանի գործով դատական նիստը երկու շաբաթով հետաձգվեց. պաշտպանները ներկա չէին

Հայկ Ալումյան. Արխիվային լուսանկար
Դատախազը նշեց, որ բացակայությունն անհարգելի է, քանի որ Խուդոյանի հիվանդության մասին չկա փաստաթուղթ, իսկ Ալումյանի կողմից ավանդական դարձած երեքշաբթի օրերին դատական այլ նիստին մասնակցելը բացակայության հարգելիությունը հիմանավորող հանգամանք չէ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի - Sputnik. ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց, քանի որ երկրորդ նախագահի պաշտպանները ներկա չէին դատական նիստին։
«Պաշտպաններ Հովհաննես Խուդոյանից և Հայկ Ալումյանից ստացվել են դիմումներ առ այն, որ չեն կարող ներկայանալ այսօրվա դատական նիստին։ Հովհաննես Խուդոյանը նշել, է որ չի կարող ներկայանալ առողջական խնդիրների պատճառով, իսկ Հայկ Ալումյանը նշել է, որ մեկ այլ դատական նիստի է մասնակցում և այդ պատճառով խնդրում է իր չներկայանալու պատճառը համարել հարգելի` կից ներկայացրել է դատական ծանուցագիրը»,–ասաց դատավոր Աննա Դանիբեկյանը։
Դատարանն Արամ Մանուկյանին պարտավորեցրել է ներողություն խնդրել Ռոբերտ Քոչարյանից
Մյուս պաշտպան Արամ Օրբելյանի բացակայության վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ պաշտպանը ներկայանում է նիստերին այն ժամանակ, երբ անհրաժեշտություն է լինում միջնորդություններ ներկայացնելու։
Պաշտպանների բացակայությունը դատախազությունը անհարգելի է համարել։
Դատախազ Գևորգ Բաղդասարյանը նշեց, որ բացակայությունն անհարգելի է, քանի որ Խուդոյանի հիվանդության մասին չկա փաստաթուղթ, իսկ Ալումյանի կողմից ավանդական դարձած՝ երեքշաբթի օրերին դատական այլ նիստին մասնակցելը բացակայության հարգելիությունը հիմանավորող հանգամանք չէ։
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց երկու շաբաթով
Դատարանը որոշեց պաշտպանների բացակայության հարցը քննարկել հաջորդ դատական նիստին, որը նշանակվեց դեկտեմբերի 6–ին, ժամը 13։00–ին։
ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը որպես մեղադրյալ են անցնում մեկ քրեական գործի շրջանակներում։ Քոչարյանին մեղադրում են առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու, իսկ Գևորգյանին՝ փողերի լվացման մեջ։