Պեսկովը մեկնաբանել է Էրդողանի հայտարարությունը, թե ՌԴ–ն չի կատարել իր պարտավորությունները

Դմիտրի Պեսկով
Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև բոլոր տարաձայնությունները կարող են վերացվել։ Միաժամանակ նա հորդորել է զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են սրել իրավիճակը և բումերանգի պես վերադառնալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանն ու Թուրքիան երբեմն տարաձայնություններ են ունենում Սիրիայում անվտանգություն ապահովելու հարցերում, սակայն Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների բարեկամական, գործընկերային բնույթը թույլ է տալիս բացեիբաց քննարկել դրանք։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, որի խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Պեսկովն այսպես է մեկնաբանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությունը, թե ռուսական կողմը չի կատարել 2019 թվականի համաձայնագրով սիրիական շրջանները քրդական զինված խմբավորումներից «մաքրելու» իր պարտավորությունը։
Էրդողանն ասել է` Թուրքիայի ԶՈւ-ն ցամաքային գործողություն կիրականացնի Սիրիայում, թե ոչ
«Ռուսաստանի և Թուրքիայի մոտեցումներում կան որոշակի նրբություններ սիրիական իրադրության վերաբերյալ և այն հարցում, թե ով չի կատարել պարտավորությունները հենց Սոչիի հուշագրով։ Այդ նրբությունները, երբեմն նույնիսկ տարաձայնությունները, բազմիցս քննարկել են երկու նախագահները,– ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Կրեմլը վերաբերվում Էրդողանի հայտարարությանը։
Կրեմլի ներկայացուցիչը հավելել է, որ Ռուսաստանը ըմբռնումով է մոտենում Թուրքիայի անհանգստությանը` կապված Սիրիայի անվտանգության խնդիրների հետ։ Նրա խոսքով՝ դա Թուրքիայի օրինական իրավունքն է։ Միաժամանակ Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը բոլոր կողմերին կոչ է արել ձեռնպահ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են հանգեցնել ընդհանուր իրավիճակի լուրջ ապակայունացման։
«Դա կարող է բումերանգի պես հետ գալ և ավելի բարդացնել անվտանգային իրավիճակը»,- ընդգծել է նա։
Հիշեցնենք` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ինդոնեզիայում անցկացված G20 գագաթնաժողովից վերադառնալուց հետո հրամայել է Սիրիայի հյուսիսում և Իրաքում «Ճանկ–թուր» (Pençe-Kılıç) օպերացիա իրականացնել երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության ակտիվիստների դեմ։
«Սիրիական ժողովրդավարական ուժերը» խոստացել են պատասխանել Թուրքիայի հարվածներին