ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. «Միացյալ Հայաստան» կուսակցությունը մասնակցելու է Երևանի ավագանու` 2023 թվականին կայանալիք ընտրություններին։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Երվանդ Թարվերդյանը։
Հենց նա էլ կգլխավորի ցուցակը։
«Կուսակցությունն արդեն իսկ մշակում է ծրագրերը, իրականացնում ենք ուսումնասիրություններ, հարցումներ` քաղաքացների շրջանում, փորձում ենք հասկանալ, թե ինչ հարցեր են հուզում քաղաքացիներին։ Այն, որ Երևանում առկա են մի շարք տեսանելի խնդիրներ՝ քաղաքային տրանսպորտի, վթարային շենքերի, վերելակների և այլնի հետ կապված, փաստ է։ Այս խնդիրներից զատ, կան նաև մի շարք խորքային խնդիրներ, օրինակ` Երևանի, հատկապես կենտրոնում խայտաբղետ տեսքը և այլն»,- ասել է Թարվերդյանը։
Նրա խոսքով` Երևանն անընդհատ կատարելագործվելու և ավելի լավը դառնալու, բայց նաև հինը պահելու կարիք ունի։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին «Ազգային առաջընթաց» կուսակցությունը հայտարարեց Երևանի ավագանու ընտրություններին իր մասնակցության մասին. ցուցակը կգլխավորի Հայկ Գրիգորյանը։