ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի - Sputnik. Twitter-ի սեփականատեր, գործարար և միլիարդատեր Իլոն Մասկը չեղարկել է ընկերության աշխատակիցների համար նախատեսված մի շարք արտոնություններ, հաղորդում է Verge պորտալը:
Խոսքը, մասնավորապես, առողջապահական ծառայությունների, տան ինտերնետի, ուսուցման, երեխաների ցերեկային խնամքի նպաստների մասին է։
«Արտոնությունները ժամանակի ընթացքում կվերանայվեն և կարող են նորից ավելանալ, երբ ընկերության ֆինանսական իրավիճակը բարելավվի»,- մեջբերում է պորտալը իր տրամադրության տակ հայտնված ներքին փաստաթուղթը:
Ամերիկյան Twitter Inc. ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին։ Ընկերության հիմնական արտադրանքը կարճ հաղորդագրությունների փոխանակման սոցիալական ցանցն է։ Կենտրոնակայանը գտնվում է Սան Ֆրանցիսկոյում, Կալիֆորնիա։
Մասկը 2022 թվականի հոկտեմբերին 44 միլիարդ դոլարով ձեռք է բերել առցանց հարթակը, ինչից հետո Twitter-ը մի շարք փոփոխությունների է ենթարկվում ինչպես ընկերության կառավարման, այնպես էլ բուն սոցիալական ցանցի քաղաքականությունների հարցում։