Հույս ունեմ, որ Թուրքիայի հետ կարող ենք հաստատել կանխատեսելի հարաբերություններ. ՀՀ նախագահ

Վահագն Խաչատուրյանը նշում է, որ տասնամյակներ շարունակ առաջինը Թուրքիան է Հայաստանի հետ սահմանների բացման և հարաբերությունների կարգավորման համար նախապայմաններ առաջադրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. ՀՀ համար բարիդրացիական հարաբերությունների հաստատումն իր բոլոր հարևանների, այդ թվում՝ Թուրքիայի հետ երբևէ վիճարկելի գաղափար չի եղել: SpecialEurasia-ի հետ հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը` պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել։
«Մենք մշտապես հանդես ենք եկել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման, սահմանների բացման դիրքորոշմամբ: Պետք է շեշտել, որ առանց նախապայմանների ձևակերպումը դիվանագիտական խուսանավում չէ և վերաբերում է նաև Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին: Ցավոք` պետք է ասեմ, որ տասնամյակներ շարունակ առաջինը Թուրքիան է Հայաստանի հետ սահմանների բացման և հարաբերությունների կարգավորման համար նախապայմաններ առաջադրել՝ ինչ-որ առումով սպասարկելով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում ադրբեջանական օրակարգը»,–ասել է նախագահը։
Նա ընդգծել է, որ 1990-ականների սկզբին և 2008-2009 թթ. Հայաստանն ու Թուրքիան ունեին հնարավորություն` գնալ արմատական փոփոխության և շարժվել կարգավորման ուղղությամբ: Սակայն, ըստ նախագահի, այդ հնարավորությունները լիարժեք կերպով չօգտագործվեցին, բայց այսօր ևս առավել կարևոր է ոչ թե անցյալի բացթողումների կամ ինչ-ինչ կորսված հնարավորությունների մասին խոսելը, այլ ապագային նայելը:
Խաչատուրյանը հիշեցրել է, որ ներկայում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում են:
«Անգամ տեղեկատվական-քարոզչական դաշտում ես տեսնում եմ դրական միտումներ և հույս ունեմ, որ մեր արևմտյան հարևանի հետ մենք կարող ենք հաստատել քաղաքակիրթ, կարգավորված և կանխատեսելի բարիդրացիական հարաբերություններ: Ես այն համոզմանն եմ, որ անգամ բարդագույն խնդիրների լուծման բանալին զարգացումն ու ժողովրդավարությունն է, որոնք չենք կարող գոյություն ունենալ նախապայմաններով կամ բացառություններով»,–ասել է նա։
Նախագահը հավելել է, որ այս տեսանկյունից քաղաքակիրթ հարաբերությունների հաստատումը Թուրքիայի և ընդհանարապես բոլոր հարևան երկրների հետ, Հայաստանը տեսնում է որպես հնարավորություն` ժողովրդավարության և զարգացման հասնելու և բարդագույն խնդիրների հաղթահարման համար:
Հիշեցնենք` Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացավ հունվարի 14-ին Մոսկվայում, երկրորդն ու երրորդը` փետրվարի 24-ին, մայիսի 3-ին և հուլիսի 1-ին Վիեննայում։