ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շենքից ահազանգ է ստացվել. ուսանողներին ու դասախոսներին տարհանել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Նոյեմբերի 22-ին, ժամը 10:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարույր Սևակի թիվ 77 հասցեում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մասնաճյուղում, ուսանողների ինքնազգացողությունը վատացել է․ շենքում զգացվել է տարօրինակ հոտ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի քիմիկ-հետախույզների խումբը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տարահանվել են մոտ 400 ուսանող և 35 դասախոս։
Ավելի ուշ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին` պարզվել է, որ գազի արտահոսք չկա։ Տուժածներ նույնպես չկան։