ՀՊՏՀ–ի շենքում գազ չկա, արտահոսքի մասին խոսք լինել չի կարող. ԱԻՆ փոխգնդապետ

ԱԻՆ ներկայացուցիչը հայտնում է, որ նկուղից սկսած մինչև վերջին հարկ ստուգված է. ո՛չ քիմիական նյութի առկայություն, ո՛չ գազի արտահոսք չի հայտաբերվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի - Sputnik. ԱԻՆ Ճառագայթային քիմիական կենսաբանական մոնիթորինգի բաժինը ստուգել է Երևանի Պարույր Սևակի թիվ 77 հասցեում գտնվող Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մասնաճյուղի շենքն ու գազի արտահոսք չի հայտնաբերել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց բաժնի ավագ հրահանգիչ, փոխգնդապետ Ավանեսյանը։
«Գազաանալիզատորը ոչինչ չի հայտնաբերել։ Նկուղից սկսած մինչև վերջին հարկ ստուգել ենք` ո՛չ քիմիական նյութի առկայություն, ո՛չ գազի արտահոսք չենք հայտաբերել. տարածքը մաքուր է, մարդկանց կյանքին վտանգ չի սպառնում»,– ասաց նա։
Նա նշեց նաև, որ շենքը գազաֆիկացված չէ, այնպես որ` արտահոսքի մասին խոսք լինել չի կարող։ Փոխգնդապետը ենթադրեց, որ հնարավոր է`ուսանողներից մեկը փոքրիկ գազաբալոն է իր հետ բերել համալսարան, բայց քանի որ մինչև ԱԻՆ–ի ժամանելը տարածքն արդեն օդափոխված է եղել` սարքերը ոչինչ չեն ֆիքսել։
Տուժածներ, ըստ ԱԻՆ ներկայացուցչի, չկան։
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շենքից ահազանգ է ստացվել ԱԻՆ, ուսանողներին ու դասախոսներին տարհանել են։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տարահանվել են մոտ 400 ուսանող և 35 դասախոս։