ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Sputnik Բելառուսը հայտնում է, որ Բելառուսի պատվիրակությունը Երևան է ժամանել, որտեղ նոյեմբերի 23–ին կկայանա ՀԱՊԿ գագաթնաժողովը։
Պատվիրակությունը, որի կազմում են Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը, պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինն ու արտգործնախարար Վլադիմիր Մակեյը, Երևան է ժամանել Իլ-76ՄԴ ռազմական օդանավով։
«Մենք պետք է վերցնենք, ընդլայնենք այն դրականը, որ ստեղծվել է և հաջորդ տարի մաքուր խղճով նախագահությունը փոխանցենք մյուս երկրին», – հայտարարել է Բելառուսի ԱԽ պետքարտուղարը։
Ինչպես հայտնում է Բելտան, օդանավն օգտագործվել է այս տարվա հունվարին Բելառուսի խաղաղապահ զորախումբը Ղազախստան տեղափոխելու համար։
Հիշեցնենք, որ Երևանում նոյեմբերի 23-ին կկայանա արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը։
Սպասվում է, որ նիստի մասնակիցները կքննարկեն ռազմաքաղաքական իրավիճակը ՀԱՊԿ հավաքական անվտանգության շրջաններում և կազմակերպության գործունեությունը միջնստաշրջանային ժամանակահատվածում։
Կողմերը կուսումնասիրեն ՀԱՊԿ շրջանակում արտաքին քաղաքականությանը, ռազմական և հակաահաբեկչական համագործակցությանն առնչվող և հավաքական անվտանգության համակարգի ամրապնդմանն ու հետագա զարգացմանն ուղղված որոշումների փաթեթը։
Երևանյան նիստի շրջանակում նախատեսվում է մի շարք քաղաքական հայտարարություններ հաստատել։
ԱԳՆ ղեկավարները փաստաթուղթ կընդունեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության ամրապնդման և սպառազինության վերահսկման հարցերով։
Անվտանգության խորհուրդների քարտուղարներն իրենց հերթին հայտարարություն կընդունեն նացիզմի, նեոնացիզմի, ծայրահեղականության, շովինիզմի, այլատյացության բոլոր ձևերը հերոսացնելու փորձերը դատապարտելու վերաբերյալ։