Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի Սարուշեն համայնքի ուղղությամբ

Ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը փաստերը հավաքագրել ու փոխանցել է խաղաղապահ զորակազմին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik.Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները Արցախի Սարուշեն համայնքին պատկանող գյուղատնտեսական հողատարածքների ուղղությամբ կրակ են բացել, որտեղ քաղաքացիները գյուղատնտեսական աշխատանքներ էին իրականացնում։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։
Մասնավորապես` նոյեմբերի 22-ին, ժամը 14:30-ին Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի ղեկավարը ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր Շուկայի բաժանմունք է դիմել այն մասին, որ Մաճկալաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող Ամարասի հովտում՝ Սարուշեն համայնքին պատկանող գյուղատնտեսական հողատարածքներում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս ադրբեջանական բանակի մարտական հենակետերից հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից անկանոն կրակոցներ է արձակվել, ինչի հետևանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքը։
«Քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` նոյեմբերի 21-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մի քանի ուղղություններով խախտել էին հրադադարի ռեժիմը՝ հրաձգային զինատեսակներից կրակ բացելով ՊԲ դիրքերի, ինչպես նաև Մաճկալաշեն գյուղի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ։
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 22:45-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել նաև հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: