Ադրբեջանցիներն Արցախում մի քանի ուղղություններով հրաձգային զենքերից կրակ են բացել. ՊԲ

Հրադադարի խախտման դեպքերի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի - Sputnik. Ադրբեջանցիներն Արցախում մի քանի ուղղություններով հրաձգային զենքերից կրակ են բացել հայկական դիրքերի ու բնակավայրերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
«Նոյեմբերի 21-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մի քանի ուղղություններով խախտել են հրադադարի ռեժիմը՝ հրաձգային զինատեսակներից կրակ բացելով ՊԲ դիրքերի, ինչպես նաև Մաճկալաշեն գյուղի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ»,–ասվում է ՊԲ հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հայկական կողմը կորուստներ չունի։
Հրադադարի խախտման դեպքերի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Միևնույն ժամանակ, Ադրբեջանի ՊՆ-ն տարածել է հերթական ապատեղեկատվությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 21-ի ժամը 16։50-ից նոյեմբերի 22-ի ժամը 01։05-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին՝ ժամը 22:45-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել նաև հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: