ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Թուրքիան իր արևմտյան դաշնակիցներին մեղադրել է ահաբեկիչներին ուղղակիորեն և անուղղակիորեն աջակցելու համար։ Twitter-ի իր միկրոբլոգում հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը։
«Մեր արևմտյան դաշնակիցները պետք է ուշադիր և հանգամանորեն մտածեն իրենց կողմից ցուցաբերվող աջակցության մասին (խմբ. նկատի ունի քրդական կազմակերպություններին աջակցությունը)։ Նրանք ուղղակի կամ անուղղակի փորձում են ապակայունացնել իրավիճակը մեր երկրում։ Նրանց աջակցությունը հանգեցնում է անմեղ թուրքերի մահվան», - գրել է Ալթունը։
Նա նաև քննադատել է Արևմուտքի հիմնավորումները՝ նշելով, որ ռազմավարական փաստարկները կեղծ են, և նրանք այդպես էլ չեն պայքարում ահաբեկչության դեմ:
Ալթունը նշել է, որ Թուրքիան չի շեղվի նախատեսված ուղուց և կշարունակի հետապնդել ահաբեկիչներին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Ստամբուլում զբոսաշրջիկների շրջանում հայտնի Իստիքլալ փողոցում պայթյուն էր որոտացել։ Դրահետևանքով զոհվել էր վեց մարդ, ևս 81-ը` վիրավորվել։ Տուժածների թվում էին երեք ռուսաստանցիներ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։