Վրաստանի հետ հարաբերություններին ռազմավարական խորություն տալը շատ կարևոր է, բայց պետք է լինեն բավական լուրջ հիմքեր` տնտեսական բաղադրիչ, ընդհանուր ծրագրեր, որի վրա հնարավոր կլինի կառուցել այդ ռազմավարական հարաբերությունները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց վրացագետ Ջոնի Մելիքյանը` անդրադառնալով Թբիլիսիում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, որ Երևանը հետաքրքրված է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության հաստատմամբ։
Նշենք, որ Սիմոնյանն այդ մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ առանձնազրույցից հետո կայացած ընդլայնված կազմով հանդիպմանը։
Մելիքյանը հիշեցրեց` թե՛ նախկին, թե՛ գործող իշխանությունները խոսել են Վրաստանի հետ հարաբերություններին ռազմավարական խորություն տալու մասին, սակայն, ըստ նրա, շատ կարևոր է նաև, որ Թբիլիսին ևս դրական արձագանքի։
«Պետք է այդ ամենին հասնել գործով, կարևոր և համատեղ ծրագրերով։ Օրինակ` եթե իրականություն դառնա Պարսից ծոց–Սև ծով միջանցքի գաղափարը, ապա այն գումարներ աշխատելու հնարավորություն կտա ՀՀ–ին ու Վրաստանին` տրամադրելով ենթակառուցվածքներ միջազգային բեռնափոխադրումների համար և այլն։ Կամ տնտեսական հարաբերությունների խորացման համատեղ պլան–ծրագիր մշակվի, ինչը արդեն 5-10 տարի անց կբերի նրան, որ երկու երկրների ղեկավարների մակարդակով կկարողանան ասել, որ այսպիսի հարաբերություններ ունենք, և այդ ամենը կամրագրվի նաև պետական հայեցակարգային փաստաթղթերում»,–ասաց վրացագետը։
Մելիքյանը նշեց, որ այսօր Վրաստանի ազգային անվտանգության ռազմավարության մեջ ՀՀ հարևաններից Թուրքիան և Ադրբեջանն են նշված որպես ռազմավարական գործընկերներ, հետևաբար շատ կարևոր է, որ Երևանի` ռազմավարական գործընկեր դառնալու պատրաստակամությունը միակողմանի ցանկություն չդառնա, և երկու երկրները` Վրաստանը և Հայաստանը, իրար հետ անցնեն այդ ճանապարհը։
Հարցին` այդ դեպքում Հայաստանը խնդիրներ չի՞ ունենա իր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնության հետ, վրացագետը պատասխանեց` խնդիրներ չեն կարող լինել, և ՀՀ–ի և Վրաստանի միջև ռազմավարական համագործակցությունը չի կարող որևէ կերպ վնասել Ռուսաստանի շահերը։
«Դրա համար ամեն պետություն պետք է իր ազգային շահերից ելնելով կառուցի իր արտաքին քաղաքականությունը և կարողանա ճիշտ մեսիջներով աշխատելու շնորհիվ հասնել նրան, որ ապագայում որևէ խնդիրներ չառաջանա իր դաշնակից գործընկերների հետ»,–ասաց նա։
Հայ–վրացական հարաբերությունների զարգացման նման սցենարը, Մելիքյանի խոսքով, կարող է հաճելի չլինել Ադրբեջանին և Թուրքիային, սակայն կարծում է` Վրաստանը թույլ չի տա, որ դա ազդեցություն ունենա, քանի որ Վրաստանի և Հայաստանի իշխանությունները ավելի վաղ հայտարարել են, որ իրենց հարաբերությունները կախված չեն լինելու երրորդ երկրների հետ հարաբերություններից։
Վրացագետը կարևորում է նաև երկու խորհրդարանական հանրապետությունների հարաբերություններում պառլամենտական դիվանագիտության զարգացումը, որը ամրագրվեց ԱԺ նախագահի վրաստանյան այցով և արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջև համագործակցության հուշագրի ստորագրմամբ։
Հիշեցնենք` ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հրավերով պաշտոնական երկօրյա այցով Թբիլիսի էր մեկնել, մասնակցել Վրաստանում ՀՀ դեսպանատան կազմակերպած Հայաստան-Վրաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։