ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի - Sputnik. «Ռուսատոմ Սերվիս» ընկերությունը (Ռուսաստանի «Ռոսատոմ» պետական կորպորացիայի մաս է կազմում) պատրաստվում է պայմանագիր կնքել Հայաստանի կառավարության հետ Մեծամորի ԱԷԿ-ի ծառայության ժամկետը մինչև 2036 թվականը երկարացնելու աշխատանքների վերաբերյալ: Այս մասին լրագրողներին հայտնել է «Ռուսատոմ Սերվիսի» գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը Սոչիում անցկացվող ատոմային տեխնոլոգիաների «Ատոմէքսպո-2022» համաժողով-ցուցահանդեսի ժամանակ։
Նա հիշեցրել է, որ «Ռուսատոմ Սերվիսը» ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ միասին աշխատանքային խումբ է ստեղծել, որը քննարկում է կայանում վերանորոգման աշխատանքների երկրորդ փուլի նախապատրաստումը: Առաջին փուլում՝ սկսած 2015 թվականից, փոխարինվել են մեքենաների սրահի հիմնական սարքավորումները (գեներատորներ և դրանց սպասարկող հանգույցներ), իրականացվել է ռեակտորի կորպուսի ամրացում (թրծում), ներկայումս կայանում վերանորոգվում են հովացման աշտարակները։
Շատ բան է արվել նաև կայանի անվտանգության բարձրացման համար։ Մասնավորապես, Սալկովը հիշեցրել է, որ թարմացվել են ներռեակտորային հսկողության համակարգերը, էներգամատակարարման հուսալիությունը, սրսկիչ համակարգը, ռեակտորային գոտու վթարային սառեցումը, ինչպես նաև մի շարք այլ համակարգեր:
Դրա շնորհիվ Հայաստանի կարգավորող մարմինը («Հայպետատմոհսկողություն» կազմակերպություն) կայանին աշխատանքի իրավունք է տվել մինչև 2026 թվականը։
Նշենք, որ ատոմային Էներգաբլոկների ծառայության ժամկետը հաջողությամբ երկարացվում է թրծման միջոցով. միայն ՋՋԷՌ տիպի ռեակտորների վրա (այդ տեսակին է պատկանում նաև Հայկական ԱԷԿ-ի ռեակտորը) Ռուսաստանում և Արևելյան Եվրոպայում նման աշխատանքներ իրականացվել են ավելի քան 15 անգամ: Ռուսական փորձն օգտագործվել է նաև Հայաստանում, ինչի շնորհիվ կայանի ծառայության ժամկետը երկարացվել է մինչև 2026 թվականը։
«Ներկայումս մենք արդեն աշխատում ենք առևտրային աշխատանքների ծավալը գնահատելու ուղղությամբ և հուսով եմ, որ հաջորդ տարվա սկզբին, կամ գուցե մինչև դրա ավարտը, կհասնենք պայմանագրերի ստորագրմանը»,-հայտարարել է Սալկովը:
Երկարաձգման նպատակային ժամկետը սահմանվում է մինչև 2036 թվականը: «Հիդրոպրես» կոնստրուկտորական բյուրոն (որը ժամանակին նախագծել էր Մեծամորի ԱԷԿ-ի ռեակտորները) արդեն ուսումնասիրել է ռեակտորի կորպուսի վիճակը երկրորդ՝ գործող էներգաբլոկում և եզրակացրել, որ այն աշխատանքի բավարար ռեսուրս ունի։
Ռեակտորի կորպուսին և դրա ծառայության ժամկետին ուշադրություն են դարձնում, քանի որ այն գործնականում փոխարինման ենթակա չէ, ինչը նշանակում է, որ այն մեծապես որոշում է ամբողջ կայանի ռեսուրսը: Բայց պետք է հաշվարկել այլ պարամետրեր, որպեսզի Հայաստանի կարգավորիչը վերջնական որոշում կայացնի, հավելել է Սալկովը։
«Գլխավորն այն է, որ մեր հայ գործընկերները որոշել են միջուկային էներգետիկայի երկիր մնալ, այդ թվում այն բանի շնորհիվ, որ երկրում փորձ և պատկերացում կա, թե ինչպես շահագործել ատոմակայանները»,- հավելել է Սալկովը:
Հայկական ԱԷԿ-ի գործող երկրորդ էներգաբլոկը, որը գործարկվել է 1980 թվականին, նախատեսված էր 30 տարվա աշխատանքի համար, այսինքն մինչև 2010 թվականը։ Բայց հաշվի առնելով, որ կայանը 6 տարի կանգնած է եղել (1989-95 թվականներին), կազմվել է (և համաձայնեցվել է ՄԱԳԱՏԷ-ի հետ) նախագիծ՝ կայանի կյանքը մինչև 2016 թվականը երկարացնելու համար: 2015-ին որոշում է կայացվել ԱԷԿ-ում հիմնանորոգման մասին`հաշվի առնելով նմանատիպ կառուցվածքով ռեակտորներով (ՋՋԷԿ) կայանի ծառայության երկարաձգման «Ռոսատոմի» փորձը։
Այդ աշխատանքների արդյունքում արդեն եզրակացություն է ընդունվել կայանի ծառայության ժամկետը մինչև 2026 թվականը երկարացնելու մասին, հեռանկարում այդ ժամկետը ցանկանում են երկարացնել մինչև 2036 թվականը