ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. ՌԴ ռազմագերիներին գնդակահարած ուկրաինացի զինվորականների բրիգադը գտնվում է Լվովում և սերտ համագործակցություն ունի ՆԱՏՕ–ի հետ։ Այս մասին հայտնում է RT–ն։
«ՈւԶՈւ–ի 80-րդ բրիգադը, որի մարտիկները գնդակահարել են ՌԴ ռազմագերիներին, գտնվում են Լվովում և սերտորեն համագործակցում ՆԱՏՕ–ի հետ», – ասվում է հեռուստաալիքի Telegram–ալիքում` հղում անելով ուկրաինացի նախկին զինվորին։
Մինչ այդ նա ևս ծառայել է նույն բրիգադում, սակայն անցել է ՌԴ–ի կողմ այն բանից հետո, երբ ուկրաինացիները մահապատժի են ենթարկել նրա հորը։ Ուկրաինացի նախկին զինվորականի խոսքով` 80-րդ բրիգադի մարտիկներին սովորեցրել են ատել ռուսական ամեն բան, նման մտքեր էին նրանց մեջ սերմանում դեռ հատուկ գործողությունների մեկնարկից շատ առաջ։
RT–ի զրուցակիցը նշել է, որ բրիգադի ուսուցմամբ զբաղվում էին ամերիկյան զորքերը։ Նա ասել է, որ «ուղեղները լվանում» էին ամերիկացի ծովային հետևակայինները։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ–ն հայտարարել էր, որ ուկրաինացի զինվորականները միտումնավոր սպանել են 10 ՌԴ ռազմագերիների։
Տեսանյութը, որում ուկրաինացի զինվորականները գնդակահարում են գերի ընկած և գետնին պառկած ռուս զինծառայողներին համացանցում հայտնվել էր ուրբաթ օրը։
Մարդու իրավունքների խորհրդի նախագահ Վալերի Ֆադեևի տեղեկություններով` դա տեղի է ունեցել ԼԺՀ–ի Մակեևկա գյուղում։ ՄԻԽ–ի ղեկավարը այդ միջադեպն անվանել է ցուցադրական, գռեհիկ հանցագործություն և հայտարարել, որ կպահանջի միջազգային հետաքննություն անցկացնել։ ՄԻԽ–ը տեսանյութը կուղարկի մարդու իրավունքների գծով ՄԱԿ–ի գերագույն կոմիսարի վարչություն, ԵԱՀԿ, Եվրոպայի խորհուրդ, Amnesty International, ԿԽՄԿ և այլ կազմակերպություններ։
Ավելի ուշ Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ հարուցեց Ուկրաինայի ներկայացուցիչների կողմից ՌԴ ռազմագերիների զանգվածային գնդակահարության փաստով։