ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Լիտվան հրաժարվել է Ուկրաինային փոխանցել Panzerhaubitze 2000 ինքնագնաց հաուբիցներ և NASAMS զենիթահրթիռային համալիրներ, որոնք առկա են լիտվական զինված ուժերի սպառազինության մեջ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Նշվում է, որ դրա փոխարեն Լիտվան մտադիր է արագացնել իր համար միջին արժեքի հակաօդային պաշտպանության լրացուցիչ համակարգերի ձեռքբերումը։ Հայտնել է երկրի պաշտպանության նախարար Արվիդաս Անուշաուսկասը:
«Ինչ վերաբերում է ՀՕՊ-ին, ապա դա շատ արդիական հարց է ընդհանրապես ողջ տարածաշրջանի համար։ Մենք պետք է արագացնենք միջին հեռահարության լրացուցիչ ՀՕՊ համակարգերի ձեռքբերումը։ Ծրագրել էինք դա անել զգալիորեն ավելի ուշ, կփորձենք մոտեցնել ժամկետը։ Իմանալով առաջարկն ու պահանջարկը` դա այնքան էլ հեշտ չի լինի գլուխ բերել, բայց հաջորդ տարի հաստատ կսկսենք այդ գործընթացը», - ասաց Անուշաուսկասը:
Պաշտպանության նախարարը նշել է, որ Վիլնյուսի կողմից Կիևին տրամադրված օգնությունն արդեն գերազանցել է 640 միլիոն եվրոն, իսկ ռազմական աջակցությունը կազմել է 232 միլիոն եվրո: Անուշաուսկասի խոսքով՝ հետագայում Լիտվան Կիևին անհրաժեշտ զինամթերք կտրամադրի։
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որը զենք է պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենքով ապահովելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն կունենա։