ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Այսուհետ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (ՀԿԱԾ) կողմից արգելադրված բանկային հաշվին բռնագանձման ենթակա ամբողջ գումարի առկայության դեպքում գումարի բռնագանձումը և բանկային հաշվի ապաարգելադրումը տեղի են ունենալու մինչև 1 աշխատանքային օրվա ընթացքում՝ նախկին 5-7 օրվա փոխարեն: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը։
Տարիներ շարունակ քաղաքացիները բողոքել են, որ անգամ վճարումը կատարելուց հետո ստիպված են եղել դիմել տարբեր օղակների, սպասել օրերով, մինչև Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից իրենց գույքի և ֆինանսական միջոցների նկատմամբ սահմանված արգելանքը կհանվի:
Ըստ հաղորդագրության` նախարարության, Կենտրոնական բանկի և «Ամերիաբանկի» համագործակցության արդյունքում գործարկվել է ավտոմատացված ծրագիր, որն էլ դյուրացրել է գործընթացը:
«Թվային լուծումների շնորհիվ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից բանկին բռնագանձման հաղորդագրություն ուղարկելիս վերջինիս կողմից պատասխաններն այսուհետ լինելու են ավտոմատ եղանակով՝ առանց մարդկային միջամտության, ինչը հնարավոր սխալներից խուսափելու և ժամանակ խնայելու հնարավորություն կտա»,–նշում է գերատեսչությունը։
Նախարարությունը հիշեցնում է, որ ՀԿԱԾ-ը նմանատիպ պիլոտային ծրագիր արդեն իսկ իրականացրել էր «ԱյԴի բանկի» և «Կոնվերս բանկի» հետ:
Գործընթացը լինելու է շարունակական և համակարգը ներդրվելու է Հայաստանի Հանրապետության բոլոր բանկերում: