Հայաստանն ու Վրաստանն արագ արձագանքման բժշկական թիմեր կստեղծեն

Ակնկալվում է, որ այդ թիմերը հնարավորություն կունենան մասնակցելու միջազգային մարդասիրական առաքելություններին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Մինչև 2023 թվականի ավարտը Հայաստանում և Վրաստանում կստեղծվենարագ արձագանքման բժշկական թիմեր (ԱԱԲԹ), որոնք կհավաստագրվեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից և հնարավորություն կունենան մասնակցելու միջազգային մարդասիրական առաքելություններին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Նշվում է, որ Հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմը մասնակցել է Թբիլիսում կայացած անդրսահմանային աշխատաժողովին, որն անցկացվել է «Ավելի ուժեղ միասին․ միջսահմանային արտակարգ իրավիճակների հակազդման համատեղ գործողություն Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև» ծրագրի շրջանակներում:
«Նպատակը Հայաստանի և Վրաստանի առողջապահության համակարգերում միջսահմանային համագործակցությունը և անհետաձգելի բժշկական օգնության հասանելիության մակարդակը բարելավելն է: Վերջնարդյունքը արտակարգ իրավիճակների կառավարման համակարգերի ստեղծումն է»,-նշված է հաղորդագրության մեջ:
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն աշխատաժողովին է միացել առցանց ձևաչափով: Նա ընդգծել է, որ միջոցառումը կնպաստի տարածաշրջանային համագործակցության և համակարգման ընդլայնմանը ` շեշտադրելով արագ արձագանքման բժշկական թիմերի կարևորությունը:
Հայաստանյան Արագ արձագանքման բժշկական թիմի ղեկավար Արմեն Մելքոնյանը մանրամասն ներկայացրել է 2021 թվականին ծրագրի մեկնարկից հետո թիմի ձևավորման ամբողջ ժամանակահատվածում գրանցված առաջընթացն ու ձեռքբերումները: