Հայաստանն ու Լիբանանը պատրաստակամ են խորացնել հաստատված համագործակցությունը

Լիբանանի կառավարության շենքը. Արխիվային լուսանկար
1944 թվականից նոյեմբերի 22-ը Լիբանանում նշվում է որպես երկրի ազգային տոն` Անկախության օր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի արտաքին գործերի և ներգաղթյալների նախարարի պարտականությունները կատարող Աբդալլահ Բու Հաբիբի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«ՀՀ ԱԳ նախարարը շնորհավորել է գործընկերոջը Լիբանանի գալիք ազգային տոնի կապակցությամբ` բարգավաճում և խաղաղություն մաղթելով Լիբանանի եղբայրական ժողովրդին»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հայ-լիբանանյան հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության ու երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա: Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել խորացնել տարբեր ոլորտներում հաստատված արդյունավետ համագործակցությունը:
Նշենք, որ այսօր նաև Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանն այցելել է երկրի Կառավարական պալատ՝ հանդիպելու Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկաթիին: Դեսպան փոխանցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Լիբանանի Ազգային տոնի՝ Անկախության օրվա առիթով:
Հանդիպման ընթացքում շեշտվել է հայ-լիբանանյան քաղաքական երկխոսության առկա բարձր մակարդակը, քննարկվել են երկկողմ օրակարգի ընդլայմանն ուղղված առաջիկա քայլերը:
Անդրադարձ է արվել տարածաշրջանային ու միջազգային մի շարք հարցերի:
Հավելենք, որ Լիբանանը քաղաքական անկախություն է ձեռքբերել 1943 թվականի նոյեմբերի 22-ին։ 1944 թվականից այս օրը նշվում է որպես երկրի ազգային տոն` Անկախության օր։