Հայաստանի և Իտալիայի արտգործնախարարները խոսել են ԵՄ դիտորդական առաքելության մասին

Արարատ Միրզոյան
Պաշտոնյաները պատրաստակամություն են հայտնել գործուն քայլեր ձեռնարկել փոխշահավետ համագործակցությունն առավել զարգացնելու ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանիի հետ։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը վերաբերող հարցերին։
«Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի ոչ կառուցողական և ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառմանը միտված մոտեցումները խաթարում են տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նախարարները քննարկել են նաև ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության գործունեության հետ կապված հարցեր:
Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել գործուն քայլեր ձեռնարկելու փոխշահավետ համագործակցությունն առավել զարգացնելու, առևտրատնտեսական կապերը խորացնելու, ներդրումները խրախուսելու ուղղությամբ։ Կարևորվել է հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը:
Կողմերն անդրադարձել են բարձրաստիճան փոխայցելությունների իրականացմանը, մտքեր փոխանակել երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ:
Հուսով եմ` Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ԵՄ առաքելությունը մշտական կլինի. ԵԽ պատգամավոր
Հիշեցնենք, որ ԵՄ ԱԳ նախարարները հոկտեմբերի 17-ին Լյուքսեմբուրգում կայացած նիստում պաշտոնապես հաստատեցին 40 դիտորդի Հայաստան–Ադրբեջան սահման ուղարկելու մասին որոշումը։ Դիտորդները տարածաշրջան ժամանեցին և աշխատանքի անցան հոկտեմբերի 20-ին։ Նախատեսված է, որ առաքելությունը մնալու է երկու ամիս։
Փաշինյանը բացատրեց, թե ինչու է արևմտյան դիտորդներ հրավիրել Հայաստան