ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պատասխանելով Սիրիայում ցամաքային ռազմական գործողության հավանականության մասին հարցին, ասել է, որ Անկարան խորհրդակցություններ կանցկացնի և համապատասխան միջոցներ կձեռնարկի։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Սիրիայի հյուսիսում և Իրաքում օդային գործողության ընթացքում 89 թիրախի ոչնչացման մասին։ Անկարան կիրակի օրը օդային գործողություններ է իրականացրել Սիրիայի հյուսիսում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) սիրիական թևի դեմ: Հաղորդվում է, որ հարվածներ են հասցվել Քոբանի քաղաքին, ինչպես նաև Իրաքի հյուսիսին:
«Հնարավոր չէ, որ սա սահմանափակվի միայն օդային գործողությամբ, ցամաքային ուժեր ևս պետք է ներգրավվեն այս գործողությանը։ Մեր համապատասխան ստորաբաժանումները` պաշտպանության նախարարությունը և գլխավոր շտաբը միասին կորոշեն, մենք կխորհրդակցենք և ապա ձեռնարկեք համապատասխան քայլեր։ Մենք արդեն դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատել տարածաշրջանում ներկա երկրների հետ, համապատասխան քայլեր արել»,- Կատարից վերադառնալուց հետո ինքնաթիռում լրագրողներին ասել է Էրդողանը։
Դամասկոսը բազմիցս անօրինական է անվանել թուրքական ուժերի ներկայությունը Սիրիայի սահմանային գոտում, որոնք այնտեղ գործողություններ են իրականացնում քրդական կազմավորումների դեմ և Անկարային կոչ է արել դուրս բերել զորքերն այդտեղից։