ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի անունից ՀՀ գլխավոր դատախազ ԱՆնա Վարդապետյանին հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել։ Տեղեկությունը հայտնում է Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Ըստ փաստաբանի` հանցագործության մասին հաղորդումը կապված է 2022 թվականի նոյեմբերի 16-ին, ժամը 02.30-ին տեղի ունեցած դեպքի հետ։ Այդ օրը «Զվարթնոց» օդանավակայանում սահմանապահներն Աշոտյանին հայտնել են, որ նրա ելքը Հայաստանից արգելված է, քանի որ ինչ–որ գործով մեղադրյալ է։
«Ինձ այդ օրը տալիս են քննիչի հեռախոսահամարը: Ես գիշերվա ժամը 3-ին զանգում եմ քննիչին, որը երկրորդ փորձից պատասխանում է իմ զանգին։ Մարդը, բնականաբար, քնած էր, ինչը հետագայում հաստատեց բանավոր կարգով, և ասում է, որ հսկող դատախազի կողմից Արմեն Աշոտյանի նկատմամբ կայացվել է հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում: Նույն օրը երեկոյան` ժամը 20.30-ին, Քննչական կոմիտեի շենքում Աշոտյանին են հանձնվում նշված որոշումը և քննիչի որոշումը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց երկրից բացակայելու արգելքը ընտրելու մասին»,– «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Աթանեսյանը։
Փաստաբանի խոսքով` երկու որոշումներն էլ թվագրված են 2022թ.–ի նոյեմբերի 16-ով, ժամի մասին նշում չկա։
Աթանեսյանը նշել է, որ Աշոտյանի ելքի արգելքն օրինական լինելու համար 2022 թվականի նոյեմբերի 16-ի ժամը 00։01-02։30-ն ընկած ժամանակահատվածում հսկող դատախազը պետք է գտնվեր իր աշխատանքի վայրում և կայացներ մեղադրանքի որոշումը, այնուհետև պետք է դրա բնօրինակը փոխանցեր քննիչին, որը ևս պետք է գտնվեր աշխատանքի վայրում։ Այս ամենից հետո էլ քննիչը պետք է կայացներ խափանման միջոց ընտրելու մասին որոշումը և այդ մասին տեղեկացներ ոստիկանության կամ ԱԱԾ հերթապահ աշխատակցին, որն իրավասություն ունի տեղեկություն ներբեռնելու ՍԷԿՏ համակարգում, որն էլ պետք է հասցներ կատարեր այդ գործողությունը: Այդ ամենը` առավելագույնը 2 ժամ 29 րոպեի ընթացքում:
«Եթե կա մեկը, ով հավատում է այս հիպերարագ գործողությունների հավանականությանը, ապա սրտանց շնորհավորում եմ մեր իրավապահ համակարգի մասին կատարյալ անտեղյակության համար: Հասկանալի է, որ ո՛չ հսկող դատախազին, ո՛չ էլ քննիչին այս թատրոնը պետք չէր և այս ամենի հեղինակները գտնվում են շատ ավելի բարձր դիրքերում: Այդ պատճառով էլ ակնհայտ է, որ հանցագործության մասին հաղորդման ընթացքը, եթե այդպիսին լինի, չի ունենալու օրինական ավարտ, այլ գործը կոծկվելու է»,– ասել է փաստաբանը:
Հիշեցնենք` ըստ մամուլի հրապարակումների` ԵՊԲՀ–ի համար գույք ձեռք բերելու ընթացքում չարաշահումներ թույլ տալու գործով օրերս ձերբակալվել է բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը, այնուհետև ազատ արձակվել։ Նույն քրեական գործով անցնում է նաև Արմեն Աշոտյանը` վկայի կարգավիճակով։
Նշենք նաև, որ Աշոտյանը պետք է Լիսաբոն մեկներ` ԵԺԿ քաղաքական համաժողովին մասնակցելու, սակայն օդանավակայանում նրան հայտնել են, որ չի կարող լքել Հայաստանի Հանրապետությունը։
ՀՀԿ փոխնախագահին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման հոդվածներով։