ԱՄՆ-ն հետևում է Դոնբասում ՌԴ ռազմագերիների նկատմամբ հաշվեհարդարի տեսանյութերին. Պետդեպ

Պետդեպ
ԱՄՆ-ն կոչ է արել Ուկրաինային հետևել միջազգային պարտավորություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ–ն հետևում է Դոնբասում ՌԴ ռազմագերիներին գնդակոծելու վերաբերյալ հաղորդումներին և կարծում է, որ հակամարտության բոլոր կողմերը պետք է հետևեն միջազգային իրավունքին։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է Գլոբալ քրեական արդարադատության գծով ԱՄՆ դեսպան Բեթ Վան Շաակը։
«Դուք հարցրիք տեսանյութերի մասին, որոնք հայտնվել էին հանգստյան օրերին։ Մենք բավական ուշադիր հետևում ենք դրանց։ Իսկապես կարևոր է ընդգծել, որ պատերազմի կանոնները հավասարաչափ կիրառվում են բոլորի կողմից` ինչպես ագրեսորի, այնպես էլ պաշտպանվող պետության», – ԶԼՄ–ների համար ճեպազրույցի ժամանակ ասել է դիվանագետը։
Վան Շաակը կոչ է արել Ուկրաինային շարունակել հետևել միջազգային պարտավորություններին` ընդգծելով` կարևոր է, որ հակամարտության բոլոր կողմերը պահպանեն միջազգային իրավունքը։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ–ն հայտարարել էր, որ ուկրաինացի զինվորականները միտումնավոր սպանել են 10 ՌԴ ռազմագերիների։
Տեսանյութը, որում ուկրաինացի զինվորականները գնդակահարում են գերի ընկած և գետնին պառկած ռուս զինծառայողներին համացանցում հայտնվել էր ուրբաթ օրը։
Մարդու իրավունքների խորհրդի նախագահ Վալերի Ֆադեևի տեղեկություններով` դա տեղի է ունեցել ԼԺՀ–ի Մակեևկա գյուղում։ ՄԻԽ–ի ղեկավարը այդ միջադեպն անվանել է ցուցադրական, գռեհիկ հանցագործություն և հայտարարել, որ կպահանջի միջազգային հետաքննություն անցկացնել։ ՄԻԽ–ը տեսանյութը կուղարկի մարդու իրավունքների գծով ՄԱԿ–ի գերագույն կոմիսարի վարչություն, ԵԱՀԿ, Եվրոպայի խորհուրդ, Amnesty International, ԿԽՄԿ և այլ կազմակերպություններ։
Ավելի ուշ Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ հարուցեց Ուկրաինայի ներկայացուցիչների կողմից ՌԴ ռազմագերիների զանգվածային գնդակահարության փաստով։