ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ, նոյեմբերի 19-ի երեկոյան Թունիսի Ջերբա քաղաքում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակում ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի անունից տրված պաշտոնական ընթրիքին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Ընթրիքի ընթացքում հնչել են հայկական ժողովրդական և դասական կատարումներ, ցուցադրվել ռուանդական ժողովրդական պարային կատարումներ»,– ասված է հաղորդագրությունում:
Վարչապետի աշխատանքային այցը Թունիս ավարտվել է:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ի երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ աշխատանքային այցով մեկնել էր Թունիսի Հանրապետություն մասնակցելու Ջերբա քաղաքում, կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 18-րդ գագաթնաժողովին, որի ընթացքում Հայաստանը ՖՄԿ գագաթնաժողովի նախագահությունը փոխանցեց Թունիսին: