Կրետեում բնակվող հայ սրբապատկերագիրը որմնանկարներ ու սրբապատկերներ է ստեղծում ինչպես հունական կղզու տաճարների, այնպես էլ Հայաստանի ու Արցախի եկեղեցիների համար։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում նա կարծիք է հայտնել՝ արդյոք նկարիչները կարող են կանոնիկ սրբապատկերներ նկարել, և թե ինչու է անհրաժեշտ սրբապատկերագրության դպրոցը:
Հերակլիոնի Հին քաղաքում «թաքնվել է» Եվրոպայի հնագույն վանքերից մեկը` Սուրբ Հովհաննես Մկրտչի հայկական եկեղեցին՝ կառուցված 1669 թվականին։
Եկեղեցու պատմությունը շատ առանձնահատուկ է։ Նախ այն կաթոլիկ է եղել, իսկ երբ 1669 թվականին Կրետեն թուրքերի տիրապետության տակ անցավ, Աբրո անունով մի հայ, ծնունդով Օսմանյան կայսրությունից, գնեց շենքը և նվիրեց տեղի հայերին։ Հենց այն ժամանակ էլ այնտեղ հիմնվեց Հովհաննես Մկրտչի եկեղեցին։
Այսօր տաճարը զարդարված է բազմաթիվ սրբապատկերներով և մեկ որմնանկարով, որը պատկերում է Մարիամ Աստվածածնի և սուրբ Եղիսաբեթի հանդիպումը, որը տեղի է ունեցել Ավետումից մի քանի օր անց: Այս որմնանկարի, ինչպես նաև հինգ սրբապատկերների հեղինակը սրբապատկերագիր Գևորգ Փոլադյանն է, որը Կրետեում հաստատվել է 90-ական թվականներին։
Հերակլիոնի հայկական եկեղեցին
© Photo : provided by Gevorg Poladyan
«Ես միշտ եմ նկարել, բայց 25 տարեկանից սկսեցի լրջորեն զբաղվել գեղանկարչությամբ։ Իսկ սրբապատկերներ նկարում եմ արդեն մոտ 10-11 տարի։ Հենց այդ ժամանակ ես լիովին հասկացա, որ այս ուղղությունն ինձ ամենամոտն է»,-պատմում է նկարիչը։
Գևորգի խոստովանությամբ` ինքը բավականին երկար ժամանակ Կրետեում էր ապրում, երբ իմացավ, որ տեղի սրբապատկերագրության դպրոցը աշխարհի ամենահայտնի և հեղինակավոր դպրոցներից մեկն է։
«Երբ իմացա այդ մասին, մտածեցի, որ պատահական չէ, որ հայտնվել եմ Հերակլիոնում։ Ըստ երևույթին, Աստծո մտադրությունն էր, որ ես հենց այստեղ սովորեմ սրբապատկերներ նկարել: Եվ ես պատկերում եմ հիմնականում կրետական ոճով»,-ասում է նա։
Միևնույն ժամանակ, հայկական տաճարների պատերը զարդարելիս, Գևորգն օգտագործում է որմնանկարչության և մանրանկարչության հայկական ավանդույթները, հաճախ դիմում է նաև բյուզանդական դպրոցին։
Հերակլիոնի հայկական եկեղեցին
© Photo : provided by Gevorg Poladyan
Նկարիչն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ հայերը եկեղեցական գեղանկարչության և մանրանկարչության հարուստ ավանդույթներ ունեն, սակայն հիմա տաճարները, չգիտես ինչու, առանց որմնանկարների են։ Միաժամանակ նա նշում է, որ վանքի պատերի որմնանկարները ոչ միայն դրանք զարդարելու համար էին.
«Հաճախ եկեղեցու պատերին պատկերում էին աստվածաշնչյան սյուժեներ, Ավետարանից տեսարաններ, որպեսզի գրել-կարդալ չիմացողները նույնպես կարողանային հասկանալ Աստվածաշունչը»:
Ինչ վերաբերում է սրբապատկերներին, ապա հայերի մոտ դրանք ավելի քիչ են տարածված։ Գևորգը դա կապում է այն բանի հետ, որ սրբապատկերն ավելի հեշտ է գողանալ և ոչնչացնել, քան որմնանկարները։ Նա զուգահեռներ է անցկացնում հայերի և հույների միջևնշելով, որ եթե առաջինների մոտ ընդունված է եկեղեցուն խաչքարեր նվիրել, ապա երկրորդների մոտ՝ սրբապատկերներ։
Նա ինքն էլ մի քանի սրբապատկեր է նկարել Հայաստանի եկեղեցիների համար։ Դրանցից երկուսը (Սուրբ Գևորգ և Մկրտություն) զարդարում են Նորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցին, Քրիստոսի սրբապատկերը Խաչիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում է (XVIIդ.)։ Գևորգը ստեղծել է նաև Սուրբ Բարսեղի կերպարը Ախթալայի վանական համալիրի համանուն մատուռի համար, իսկ Աստվածամոր սրբապատկերը ցուցադրված է Ախթալայի համալիրի գլխավոր եկեղեցում: Ի դեպ, 2016-218 թվականներին նա աշխատել է Կիևի հայկական եկեղեցում Սուրբ նահատակների որմնանկարի վրա։
«Յոթ» թվի խորհրդանշականությունը
Գևորգը հետաքրքրական պատմություն հիշեց իր նկարած Սուրբ Նիկողայոսի սրբապատկերի հետ կապված, որը նա նվիրաբերել էր Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն։
«2017 թվականին Կրետեում հյուրընկալվել է Պարգև Սրբազանը: Ես նրան ասացի, որ շուտով որդի եմ ունենալու, որին ուզում եմ Նիկողայոս անվանել, և որ ուզում եմ Արցախի եկեղեցիներից մեկին (նրա հայեցողությամբ) սուրբ Նիկողայոսի սրբապատկերը նվիրել։ Ես ընդամենը յոթ օր ունեի աշխատանքն ավարտելու համար, քանի որ Սրբազանը հայրենիք էր վերադառնում։ Ի վերջո, ես հասցրեցի և այն նկարեցի ուղիղ յոթ օրվա ընթացքում»-ասում է նկարիչը:
«2017 թվականին Կրետեում հյուրընկալվել է Պարգև Սրբազանը: Ես նրան ասացի, որ շուտով որդի եմ ունենալու, որին ուզում եմ Նիկողայոս անվանել, և որ ուզում եմ Արցախի եկեղեցիներից մեկին (նրա հայեցողությամբ) սուրբ Նիկողայոսի սրբապատկերը նվիրել։ Ես ընդամենը յոթ օր ունեի աշխատանքն ավարտելու համար, քանի որ Սրբազանը հայրենիք էր վերադառնում։ Ի վերջո, ես հասցրեցի և այն նկարեցի ուղիղ յոթ օրվա ընթացքում»-ասում է նկարիչը:
Գևորգ Փոլադյանն աշխատանքի ժամանակ
© Photo : provided by Gevorg Poladyan
Հետաքրքիր է, որ նկարչի որդին ծնվեց 17.07.2017-ին, ժամը 17:37-ին: Իսկ դրանից հետո սրբազանը կտավը տարավ Գանձասարի 777-ամյակին։ Այնուհետև այն ցուցադրվեց Քրիստոս Ամենափրկչի տաճարում (Ղազանչեցոց վանքում)։
2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ տաճարի գնդակոծությունից հետո Գևորգին հայտնեցին, որ տաճարում գտնվող բոլոր սրբապատկերները վնասվել են, բացի Սուրբ Նիկողայոսի պատկերից, որը տեղափոխել են նստավայր։
2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ տաճարի գնդակոծությունից հետո Գևորգին հայտնեցին, որ տաճարում գտնվող բոլոր սրբապատկերները վնասվել են, բացի Սուրբ Նիկողայոսի պատկերից, որը տեղափոխել են նստավայր։
«Այն, ցավոք, այնտեղ էլ մնաց»,-նշում է սրբապատկերագիրը և ավելացնում, որ 2021 թվականին այդ սրբապատկերի ճշգրիտ պատճենն է պատրաստել Պարգև Սրբազանի համար։
Երբ գեղանկարիչն է սրբապատկեր նկարում
Հայաստանում տարածված է, երբ բարերարները նկարիչներին սրբապատկեր են պատվիրում՝ եկեղեցուն նվիրելու համար։
Այդ առնչությամբ Փոլադյանը նշում է, որ նկարելու տեխնիկան կարող է շատ լավը լինել, բայց այն, այնուամենայնիվ, չի կարելի կանոնիկ սրբապատկեր անվանել։
Նա օրինակ է բերում հայկական եկեղեցական ճարտարապետությունը, որը ոչ մի այլ բանի հետ չես շփոթի այն տարբերակիչ հատկանիշների շնորհիվ, որոնք միայն նրան են բնորոշ՝ խաչ– գմբեթավոր համակարգ, տաշված տուֆի շարվածք, գմբեթի առանձնահատկություններ և այլն։
Հերակլիոնի հայկական եկեղեցին
© Photo : provided by Gevorg Poladyan
«Իսկ ինչ վերաբերում է սրբապատկերներին, ապա նույնիսկ մեկ եկեղեցում այդպիսի էկլեկտիկա (տարբեր բնութագրումների միացումը մեկ ամբողջության մեջ –խմբ.) կարող է լինել։ Այստեղ որևէ կանոնի լիակատար բացակայությունն է իշխում»,-ասում է մեր զրուցակիցը։
Նրա խոսքով` սրբապատկերների դեպքում անհրաժեշտ է դպրոց ձևավորել, ստեղծել ուղեցույցներ, որոնք կառաջնորդեն սրբապատկերագիրներին։ Գևորգը հույս ունի, որ ժամանակի ընթացքում այդ հարցը կլուծվի։
Նա օրինակ է բերում Վրաստանը, որը ժամանակին հովանավորել է սրբապատկերագիրներին և նրանց ուղարկել է աշխարհի տարբեր երկրներում սովորելու։ Հետագայում հայրենիք վերադառնալով՝ նրանք իրենց սեփական դպրոցը ձևավորեցին։
Ամփոփելով, սրբապատկերագիրն այնուամենայնիվ նշում է, որ անկախ բոլոր կանոններից` այն ամենը, ինչ հավատքով է ստեղծվում, ընդունելի է եկեղեցու կողմից։